«Չեն հավատում, մինչև չեն տեսնում, որ մարդը ամբողջ հիվանդանոցով գոռում է, չի կարողանում շնչել». Թորոսյանը մեջբերել է ռեանիմատոլոգի խոսքերը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վաղը մեր երկրում նշվում է բուժաշխատողի օրը:
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան`առաջարկելով, որ միահամուռ կերպով բոլորս բարձրաձայն շնորհակալություն հայտնենք մեր երկրի մոտ 40.000 բուժաշխատողներին` բժիշկներին, բուժքույրերին և բուժեղբայրներին, մայրապետերին, մանկաբարձուհիներին, տնտեսական ու վարչական բոլոր աշխատողներին:
«Դա նրանց ուժ կտա` շարունակել պայքարել այս նոր, ինչպես նաև հին առողջապահական մարտահրավերների դեմ», – ասել է Թորոսյանը:
Նա նաև մեջբերել եմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անհետաձգելի ընդունարանի բաժանմունքի վարիչ, բժիշկ-ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանի խոսքերը:
[...]Հիմնականում, գրեթե բոլոր հիվանդներին, որ հարցնում ենք՝ ինչի՞ց սկսեց հիվանդությունը, պատասխանում են՝ մրսեցի։ Շատ թերահավատ են, շատ։ Նույնիսկ դրական, հաստատված վարակով մարդը գալիս է ու հայտարարում՝ սաղ սուտ ա։ Չեն հավատում, մինչև դանակը ոսկորին չի հասնում, մինչև կյանքը մազից կախված չի լինում, մինչև չեն տեսնում մեր չարչարանքը, մինչև չեն տեսնում, որ այդ հիվանդությունից մարդը մահանում է, մինչև չեն տեսնում, որ մարդը ամբողջ հիվանդանոցով գոռում է, չի կարողանում շնչել։[...]
Հայաստանում հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, որոնցից 8854-ն` առողջացած, 332-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ:–0–