Ծառուկյանի աջակիցները բերման ենթարկվեցին. ոստիկանությունը հավելյալ ուժեր է կուտակում դատարանի դիմաց (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Կենտրոնի և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:
Դատարանի շենքի առաջ հավաքվել են Ծառուկյանի բազմաթիվ աջակիցներ, որոնցից մի քանիսը բերման ենթարկվեց։ Ոստիկանությունը հավելվալ ուժեր է կուտակում դատարանի շենքի մոտ։
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվեց։ Ծառուկյանի պաշտպանները դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ են հայտնել։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Ծառուկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն որակում է ապօրինի։
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունիսի 21–ին հրապարակեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ Ըստ որոշման ԲՀԿ առաջնորդը չկալանավորվեց։ Դատավորը, սակայն, արձանագրել էր, որ առկա է հիմնավոր կասկած, որ Ծառուկյանն առնչվում է իրեն մեղսագրվող արարքներին:
Դատարանի որոշումը բողոքարկել էին երկու կողմերն էլ: Մասնավորապես դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել կալանավորման հիմքերի բացակայության դեմ՝ խնդրելով բեկանել դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին, իսկ պաշտպանական կողմը՝ հիմնավոր կասկածի առկայության և մի շարք այլ հանգամանքների դեմ: Հուլիսի 8-ին վերաքննիչ դատարանը մերժել էր պաշտպանական կողմի բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի էր բավարարել. առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել էր, սակայն Ծառուկյանը չէր կալանավորվել, և գործը հետ էր ուղարկվել՝ նոր կազմով նոր քննության:–0–