Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. բանակում մահացած զինծառայողի հարազատները պահանջում են հանդիպել Փաշինյանին (ՎԻԴԵՈ)

26.12.2019, 14:30
«Եթե 10 րոպեից վարչապետը չգա, մենք փակելու ենք ճանապարհներ, դին ենք բերելու այստեղ»,- նշել են մահացած զինվորի հարազատները
Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. բանակում մահացած զինծառայողի հարազատները պահանջում են հանդիպել Փաշինյանին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում 26 օր առաջ բանակում զոհված 21-ամյա Արթուր Աջամյանի հարազատները:

Նրանք պահանջում են բացահայտել, թե ինչ հանգամանքներում է զոհվել Արթուր Աջամյանը:

Նրանք ցանկացել են մտնել կառավարություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, ինչից հետո բախում է տեղի ունեցել ոստիկանների և հարազատների միջև:

Նրանց հետ հանդիպման եկավ կառավարության ներկայացուցիչը։ Նա նշեց, որ վարչապետը հիմա չի կարող իջնել, քանի որ կառավարության նիստ է: Հարազատները որոշեցին սպասել վարչապետին և նրան 10 րոպե ժամանակ տվեցին:

«Եթե 10 րոպեից վարչապետը չգա, մենք փակելու ենք ճանապարհներ, դին ենք բերելու այստեղ», – նշեցին մահացած զինվորի հարազատները։

Այնուհետև հարազատները փակեցին փողոցը, ինչից հետո ոստիկաններն ուժով ստիպեցին բացել փողոցը։

Այս պահին ՀՀ վարչապետն ընդունել է զոհված զինծառայողի հարազատներին։–0–