Բողոքի ակցիա ԱՆ–ի մոտ. քաղաքացիները պահանջում են պարզաբանումներ Ադրբեջանի հետ նոր պայմանավորվածությունների հարցով (ՎԻԴԵՈ)

08.01.2021, 13:29
Բողոքի ակցիա ԱՆ–ի մոտ. քաղաքացիները պահանջում են պարզաբանումներ Ադրբեջանի հետ նոր պայմանավորվածությունների հարցով. ՎԻԴԵՈ
Բողոքի ակցիա ԱՆ–ի մոտ. քաղաքացիները պահանջում են պարզաբանումներ Ադրբեջանի հետ նոր պայմանավորվածությունների հարցով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր բողոքի ակցիա է կազմակերպվել ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտ, քաղաքացիները պահանջում են պարզաբանումներ Ադրբեջանի հետ նոր պայմանավորվածության  մասին տարածված լուրերի կապակցությամբ։

Ինչպես նշեց իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը, իշխանությունները պետք է հերքեն ԶԼՄ–ներում տարածվող լուրերն այն մասին, որ հունվարի 11–ին նախատեսվում է ստորագրել հերթական ստորացուցիչ պայմանագիրն Ադրբեջանի հետ, որի տեքստն արդեն պատրաստ է և գտնվում է Արդարադատության նախարարությունում` համաձայնեցման։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook–յան իր էջում հերքել է տարածված լուրերը`նշելով. «Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։ ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»։

«Մենք կարծում ենք, որ դա նման է ճշմարտության, քանի որ բանակցություններ չեն գնում առանց նախնական պատրաստվածության։ Մենք իրավունք ունենք իմանալ, թե ինչ է մեզ սպասվում, այլ ոչ թե Շուռնուխի բնակիչների նման` առավոտյան իմանանք, որ գյուղն արդեն մեզ չի պատկանում», – ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով, տարածված լուրերն անուղղակիորեն հաստատվում են, և քաղաքացիներն իրավունք չունեն լռել և պարտավոր են պահանջել պարզաբանումներ Արդարադատության նախարարությունից։

Նա նշեց, որ վարչապետի գրառումը ևս վկայում է այն մասին, որ կա փաստաթուղթ, որը նախատեսում է որոշակի հստակ պայմաններ։

«Փաստաթուղթը կամ պետք է հրապարակվի, կապ համոզիչ կերպով հերքվի, քանի որ սոցիալական ցանցերում արված մեկ նախադասությունը բավարար չէ բնակչության վստահության համար։ Մենք ունենք բացասական փորձ, երբ մեզ ստել են ողջ պատերազմի ընթացքում ընդհուպ մինչև փաստաթղթի ստորագրումը, և հետևաբար մենք տեղեկատվության իրավունք ունենք», – ասաց Մելիքյանը։

Վարչապետի գրառման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման առաջնահերթության մասին։

Ներկայացնում ենք Փաշինյանի Facebook–յան գրառումն առանց փոփոխության։

«Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման մեր առաջնահերթությունը հետևյալն է.
1. Հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործում. ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ մարմինների լիարժեք փոխանակում: Մեզ համար կարեւոր է նաեւ տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը: 

2. Տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ եւ տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան եւ Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ եւ տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջեւան:

Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որեւէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն: 

Հայաստանից դեպի Ռուսաստան եւ Ադրբեջանից դեպի Նախիջեւան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարեւոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաեւ անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների եւ արդյունավետության բարձրացումը»:–0–