Բաքուն կարող է հասնել նրան, որ Google-ը հեռացնի Արցախի հայկական անվանումները, եթե Երևանը չարձագանքի (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

25.12.2021, 10:15
Ադրբեջանը դիմել է Google ընկերությանը՝ խնդրելով «հրաժարվել Բաքվի վերահսկողության տակ գտնվող արցախյան տարածքների հայկական անվանումներից
Բաքուն կարող է հասնել նրան, որ Google-ը հեռացնի Արցախի հայկական անվանումները, եթե Երևանը չարձագանքի (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Բաքուն կկարողանա հասնել նրան, որ Google-ը Google Maps-ից հեռացնի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքների հայկական անվանումները, եթե պաշտոնական Երևանը չհակազդի: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Razm.info մասնագիտացված ռազմաան կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Դեկտեմբերի 23-ին ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական դիվանագիտական խողովակների միջոցով դիմել է Google ընկերությանը՝ խնդրելով «հրաժարվել Բաքվի վերահսկողության տակ գտնվող արցախյան տարածքների հայկական անվանումներից»: Ներկայում Google Maps-ում աշխարհագրական անվանումները նշված են ադրբեջաներեն և հայերեն:

«Ես շատ կասկածում եմ, որ հիմա Հայաստանում ինչ-որ մեկը զբաղվելու է Google-ի հայկական անվանումներով: Ավելին, ադրբեջանցիները հաճախ Google Maps-ի միջոցով փոխում են նույնիսկ Հայաստանի Հանրապետության հայկական անվանումները՝ փոխարինելով դրանք ինչ-որ՝ հաճախ նույնիսկ հորինված «ադրբեջանական անվանումներով»», - նշեց փորձագետը:

Միաժամանակ Վրթանեսյանն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ ադրբեջանցիները նման գործողություններ են ձեռնարկում հրապարակային կերրպով՝ առանց թաքցնելու:

Փորձագետը կասկածում է, որ գործող իշխանությունները կձեռնարկեն որոշակի միջոցներ՝ Բաքվի նման նախաձեռնություններին հակազդելու համար:

«Օրինակ հիմա Facebook-ն արգելափակում է հայ օգտատերերին միայն Մոնթե Մելքոնյանի անունը հիշատակելու կամ նրա լուսանկարը հրապարակելու համար: Եվ դա այն դեպքում, որ Մոնթեն պաշտոնապես Հայաստանի ազգային հերոս է: Հայաստանի իշխանություններն այդ մասին գիտեն, բայց ընդհանրապես ոչինչ չեն ձեռնարկում, չնայած Մոնթեի լուսանկարները կան պաշտոնյաների էջերում, օրինակ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի էջում», - նշեց նա:

Վրթանեսյանը նշեց, որ Հայաստանում տեղեկատվական ճակատն արդեն վաղուց ճեղքված է, և երկրի իշխանություններն այսօր կենտրոնացրել են իրենց ջանքերը տեղական ընդդիմության, այլ ոչ թե ադրբեջանական տեղեկատվական գործողությունների դեմ պայքարելու վրա:-0-