Բացարձակ ոչ մի հաշվարկ չկա․ Երևանում տրանսպորտի թանկացման դեմ պայքար է սկսվում

15.01.2025, 14:36
Այս պահին Մարությանը լսում է քաղաքացիների առաջարկները, որպեսզի ավելի հստակ սահմանեն տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ուղիները
Բացարձակ ոչ մի հաշվարկ չկա․ Երևանում տրանսպորտի թանկացման  դեմ պայքար է սկսվում

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարը կուսակցական պայքար չէ, սոցիալական արդարության համար պայքար է, ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ։

Մարությանի գլխավորությամբ մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ կազմակերպվել է բողոքի ակցիա փետրվարի 1–ին նախատեսված միասնական տոմսային համակարգի դեմ։ 

«Առաջին հերթին, բացարձակ ոչ մի հաշվարկ չկա այս ամեն ինչի տակ դրված։ Հայտարարում են, որ 144 դրամ է միջինում տոմսը, աշխարհում մաթեմատիկոս չկա, որը կարող է այս հաշվարկը տալ, որովհետև չունեն ելակետային տվյալներ»,–ասաց Մարությանը։

Նա նշեց, որ վերջերս տեղի ունեցած բանավեճի ժամանակ Տիգրան Ավինյանին հարց է ուղղել, թե որքա՞ն գումար է այդ փոփոխությունների արդյունքում հավաքագրվելու, սակայն Երևանի քաղաքապետը չի ունեցել այդ հարցի պատասխանը։

«Երբ նման մեծ նախագիծ ես իրականացնում, գիշերվա ժամը 3-ին էլ քեզ քնից հանեն, դու պետք է այդ թիվն անգիր ասես, թե որքան գումար ես նախատեսում հավաքել։ Ինքը օդում հաշվեց, ասաց 5 մլրդ դրամ։ Ես նրան բառացի ցույց տվեցի, թե որտեղից կարող են այդ 5 մլրդը ստանալ։ Օրինակ գույքահարկի թանկացման հետևանքով 20 մլրդ դրամ գումար է հավաքագրվելու 2026 թվականին։ 2026թ․–ին ձեր բոլորի գրպաններից պետությունը տանելու է 20 մլրդ դրամ ավել գույքահարկի տեսքով։ Այդ 20մլրդ դրամի մեջ 4 հատ 5մլրդ դրամ է մտնում, այսինքն նրանք կարող են հանգիստ չթանկացնել տրանսպորտը, այդ 5մլրդը հատկացնել»,–նշեց Մարությանը։

Այս պահին Մարությանը լսում է քաղաքացիների առաջարկները, որպեսզի ավելի հստակ սահմանեն տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ուղիները։

Միասնական տոմսային համակարգի մասին

2025 թվականի փետրվարի 1–ից Երևանն ամբողջությամբ անցնում է տրանսպորտի միասնական տոմսային համակարգի, ըստ որի՝ ուղետոմսերը կարժենան.

* 280 (300) դրամ՝ «90 րոպե» տոմսի համար (3 ուղևորության համար)

* 880 (900) դրամ - օրական փաթեթ (8 ուղևորության համար)

* 4800 (5000) դրամ՝ շաբաթական փաթեթի համար (30 ուղևորության համար)

* 8800 (9000) դրամ՝ ամսական փաթեթի համար (անսահմանափակ)

* 23,600 (24,000) դրամ՝ 90 օրվա համար (անսահմանափակ)

* 88,800 (90,000) դրամ՝ մեկ տարվա համար (365 օր, անսահմանափակ)

Առաջին թիվն առցանց տոմսի արժեքն է, իսկ փակագծերում՝ ֆիզիկական ուղետոմսի արժեքը։

Ցանկացած սակագնային փաթեթ գնելիս քաղաքացիները կկարողանան օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսներից, մետրոյից, տրոլեյբուսներից։

Արտոնությունների մասին

2025 թվականի հունվարի 1-ից արտոնություններ են տրամադրվում մինչև 7 տարեկան երեխաներին (անվճար երթևեկություն), 8-ից 18 տարեկան դպրոցականներին (20% զեղչ), 8-18 տարեկան ծնողազուրկ դպրոցականներին (անվճար), 63 տարեկանից բարձր թոշակառուներին (30% զեղչ), Երևան քաղաքում սովորող ուսանողներին՝ անկախ գրանցման վայրից (15% զեղչ), մեկ ծնող կորցրած կամ ծնողազուրկ ուսանողներին (անվճար), 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք (անվճար), մանկատների և տուն-ինտերնատների սաներին, պետությունից նպաստ և օգնություն ստացող անձանց համար (20% զեղչ), նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական ​​աշխատանքի, Հայաստանի ազգային հերոսներին, Փառքի շքանշանակիրներին (անվճար), 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների ծնողներին (անվճար):