Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը հակաղարաբաղյան շարժում էր. Սարգսյանը պարզաբանել է` ինչու է հրաժարական տվել և ում է փոխանցել իշխանությունը

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում նշել է, որ 2018թ.–ի գարնան շարժումը հակաղարաբաղյան էր։
«Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ, հակաղարաբաղյան շարժում էր, և անկեղծորեն պետք է ասեմ՝ ոչ միայն հակաղարաբաղյան, այլև՝ ղարաբաղցիների դեմ։ Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան թե փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը», – հայտարարեց նա։
Նրա խոսքով, նա երբեք չի համաձայնել այն մտքի հետ, որ հանձնել է իշխանությունը գործող կառավարությանը։
«Ոչ, նախ՝ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին՝ հասկանալով հանդերձ, որ դժվար է և այլն: Ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից, այն համոզմունքին էի, որ, եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար, հենց այդ պատճառով ես համաձայնեցի ընտրվել վարչապետ։ Եվ որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը, նախաձեռնությունը ստանալ այդպիսի ընթացք։ Ես նաև շատ լավ հասկանում եմ բոլոր այն մարդկանց, որ հետհայաց, ռետրոսպեկտիվ վերլուծելով, ասում են՝ բա ինչո՞ւ նախնական շրջանում միջոցներ չձեռնարկվեցին, ինչո՞ւ, օրինակ, երբ նրանք Ռադիոտունը գրավեցին, կոշտ միջոցներ չձեռնարկվեցին, բայց մյուս կողմից էլ ուզում եմ, որ նրանք հասկանան նաև ինձ՝ նորից եմ ասում՝ որևէ նախադրյալ չկար, որ կարող էր այդ շարժումը այդպիսի թափ ստանալ, այդպիսի ուժգնություն ստանալ», – ասաց Սարգսյանը։–0–