Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը

18.01.2021, 21:40
Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը
Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը: 

Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»` հղում անելով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակին։

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից նաև հայտնել են, որ այս ընթացքում հայկական կողմի գերիների ցուցակներն անընդհատ թարմացվել են ու պարբերաբար ներկայացվել են գործընկերներին՝ հաշվի առնելով ինչպես որոնողական աշխատանքների ընթացքն ու դրանց արդյունքները, այնպես էլ ընթացքում ի հայտ եկող նոր, հավելյալ տեղեկատվությունը:

Загружается новость ... "Лево"

«Ռազմագերիների հարցով ցանկացած խնդրի Հայաստանը մոտենում է ամենայն պատասխանատվությամբ և զերծ է մնում ձևակերպումներից, որոնք կարող են վնասել մեր հայրենակիցների արագ և անվտանգ հայրենադարձման գործընթացին:

Ինչ վերաբերում է գերիների մասով հայկական կողմի ներկայացրած ցուցակներին, ապա դրանց թվային տվյալների խորհրդապահական բնույթը հաշվի առնելով, հարկ է սոսկ տեղեկացնել, որ դրանք ներկայացվել են պարբերաբար՝ մի քանի փուլով՝ ըստ թարմացումների: Ընդ որում՝ դեռևս դեկտեմբեր ամսին ռուսական կողմին և ԿԽՄԿ փոխանցվել են ամբողջական ցանկերը:

Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են, որոնք ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը»,- ասվում է պարզաբանման մեջ:

Նշենք, որ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ գերիների փոխանակման հարցում սկզբում ամենամեծ խնդիրների առջև կանգնած էր հայկական կողմը, քանի որ անհրաժեշտ էր, որպեսզի երկու կողմերն էլ` և Ադրբեջանը, և Հայաստանը, կազմեին ու փոխանցեին այն մարդկանց ցուցակները, որոնք անհետ կորել են և որոնց ուզում են ազատել գերությունից։ 

«Ադրբեջանն այդ ցուցակները տվեց, և դրանք մեծ չէին։ Նրանք, ովքեր նշված էին ադրբեջանական ցուցակներում, ոչ միանգամից, բայց վերադարձվեցին։ Կորածների, գերիների, պահվող անձանց հետ կապված իրավիճակներ Ադրբեջանի կողմից այլևս չեն առաջացել», – նշեց Լավրովը։

Նրա խոսքով, հայկական կողմը ցուցակները միանգամից չի ներկայացրել, և դրանք ամբողջական չէին։–0–