Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, ներկայացվեց նոր նախագիծ (ՎԻԴԵՈ)

27.08.2020, 12:45
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, ներկայացվեց նոր նախագիծ. ՎԻԴԵՈ
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, ներկայացվեց նոր նախագիծ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստում նշեց, որ մշակվում է նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարել, որով ՀՀ-ում մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը չի երկարաձգվի։

Նրա խոսքով, արտակարգ դրության ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումները և սահմանափակումները ։

«Նախագծերով առաջարկվում է հետևյալ կառուցակարգը. վարակիչ հիվանդությունների ՀՀ ներթափանցման, ներբերման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին, որը հնարավոր է սահմանել լիազոր մարմնի առաջարկությամբ մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից համապատասխան վարչական տարածքներում, իսկ Կառավարության կողմից՝ ՀՀ ամբողջ տարածքում կամ էլ մի քանի մարզերում։ Վերջին դեպքում կարող են գործել մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ և այլն», – նշեց Բադասյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, որը հայտարարման օրից երկարաձգվել է 5 անգամ: Այդպիսով, կառավարության օգոստոսի 12-ի որոշման համաձայն Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ի, ժամը 17:00-ն:–0–