Առողջապահության նորանշանակ նախարար. ««Արմֆարմացիա» ընկերությունում ես և ամուսինս փայաբաժին չունենք, մայրս փոքր փայաբաժին ունի» (ՎԻԴԵՈ)

21.01.2021, 14:31
«Սահմանադրությամբ կրոնի ազատությունը անքակտելի իրավունք է, նշեմ, որ ամուսինս չի հանդիսանում քարոզիչ»,- նշել է նորանշանակ նախարար, չպատասխանելով հարցին, թե իր ամուսինը հարո՞ւմ է աղանդին. ՎԻԴԵՈ
Առողջապահության նորանշանակ նախարար. ««Արմֆարմացիա» ընկերությունում ես և ամուսինս փայաբաժին չունենք, մայրս փոքր փայաբաժին ունի» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Կարծում եմ իրավաբանական կրթությունը, ոլորտի փորձառությունը, կստեղծեն բավարար հանգամանքներ, որպեսզի լավագույնս փորձեմ ճիշտ քաղաքականություն մշակել։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով այն քննարկումներին, թե ինքը բժշկական կրթություն չունի, այլ իրավաբան է, հաղորդում է news.am–ը։

«Այո, ես մասնագիտությամբ իրավաբան եմ։ Միշտ աշխատել եմ առողջապահության ոլորտում։ Վերին 3 տարվա ընթացքում ես զբաղեցրել եմ Առողջապահության նախարարի տեղակալի, ապա առաջին տեղակալի պաշտոնը։ Կարծում եմ իրավաբանական կրթությունը, ոլորտի փորձառությունը, կստեղծեն բավարար հանգամանքներ, որպեսզի լավագույնս փորձեմ ճիշտ քաղաքականություն մշակել։ Եվ, իհարկե, հենվելով մասնագիտական կարծիքների, մեր ոլորտի ճանաչված բժիշկ-մասնագետների վրա, առողջապահության ոլորտում ունենալ լավագույն քաղաքականությունը»,- ասել է նախարարը։

Լրագրողի դիտարկմանը, թե  խոսվում է, որ նախարարի ամուսինը  և արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը բիզնես շահեր ունեն, Անահիտ Ավանեսյանն ի պատասխան ասել է․«Ամուսինս՝ Ստեփան Ավանեսայնը որևէ ձևով ընդգրկված չէ «Արմֆարմացիա» ընկերության կառավարման մեջ, և որևէ բիզնես շահ չունի Արսեն Թորոսայնի հետ։ Ես և ամուսինս այդ ընկերությունում փայաբաժին չունենք։ Մայրս, այո, փոքր փայաբաժին ունի»։

Դիտարկմանը, թե այստեղ շահերի բախում չի՞ նկատում, նախարարն ասել է՝ ինքը շահերի բախում չի տեսնում։

«Առողջապահության նախարարությունը, ինչպես բոլոր գերատեսչությունները առաջնորդվում են գնումների մասին օրենքով և մրցույթի միջոցով մասնակցում են, և լավագույն առաջադրող գինը շահում է»,- ասել է նա։

 Ըստ շրջանառվող լուրերի` Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, «Ռեմա» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվն է։

«Սահմանադրությամբ կրոնի ազատությունը անքակտելի իրավունք է, նշեմ, որ ամուսինս չի հանդիսանում քարոզիչ»,- նշել է նա, չպատասխանելով հարցին, թե իր ամուսինը հարո՞ւմ է այդ աղանդին։

Հարցին, թե ինչպե՞ս է կմեկնաբանի այն կարծիքները, որ նույնիսկ իր նշանակումից հետո, այնուամենայնիվ Առողջապահության նախարարությունը  ղեկավարելու է նախկին նախարարը, Ավանեսյանն ասել է․ «Թույլ տվեք նման գնահատականների չարձագանքել։ Ես ստանձնել եմ նախարարի պաշտոնը, և պատրաստվում եմ լիովին պարտականություններս և գործառույթներս կատարել»։

Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե համաձա՞յն է, որ Արսեն Թորոսյանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, և ինչպե՞ս է գնահատում այժմյան կորոնավիրուսային իրավիճակը, նախարարն արձագանքել է․

«Հայաստանում ներկայումս համաճարակային իրավիճակը բավական կառավարելի շրջանակներում է։ Եվ, մենք հնարավորինս  փորձում ենք մեղմ ձևով հակահամաճարակաին միջոցառումներ իրականացնել»։

Ինչ վերաբերվում է հարցի առաջին մասին, ապա նախարարի գնահատմամբ՝ ընդունլի չէ, երբ ասում են, որ Թորոսյանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը։

«Կորոնավիրուսը նոր էր, այսինքն՝ մենք հընթացս կիրառում էինք այն  բոլոր միջոցառումները, որոնք ուղղված էին կանխարգելելու, իսկ այնուհետև կառավարելի պահելու համաճարակի տարածվածությունը և դրա հետևանքով բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ողջ  ծավալը ապահովելու համար։ Կարծում եմ, որ ՀՀ Կառավարությունը ելնելով  տվյալ պահին առկա գիտական, մասնագիտական տեսակետներից և բոլոր հանգամանքները հաշվի առնելով հրատապ ճիշտ որոշումներ կայացնելու արդյունքում․․․․և համեմատելիության տեսանկյունից եթե նայում ենք՝ տեսնում ենք, թե բոլոր երկրներում եղել են ալիքներ, նման իրավիճակ է նաև Հայաստանում։ Բայց, խոսել, տապալման մասին, ընդունելի չէ»,- ասել է նա։–0–