Արցախի նախագահ. պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում։
«Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով:
Այս պահին գտնվելով Երևանում՝ պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում», – գրել է նա Facebook–յան իր էջում:
Հիշեցնենք, որ այսօր ԳՇ–ն հայտարարություն տարածեց` պահանջելով Փաշինյանի և կառավարության հրաժարականը։
Փաշինյանն իր հերթին նշեց, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ ու իր բոլոր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության Հրապարակ։–0–