Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվեց

01.09.2022, 11:21
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվեց
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվեց
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանն այսօր կալանավորվեց։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Ինչպես և ակնկալվում էր՝ դատարանը կատարեց իր առաքելությունը և կալանավորեց Միքայել Արզումանյանին։ Շոուն շարունակվում է…»,–գրել է նա։

Նշենք, որ օգոստոսի 30–ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Նախօրեին` օգոստոսի 31–ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացավ և նա ազատ է արձակվեց, միաժամանակ հայտնի դարձավ, որ Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին։ Նա պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։–0–