ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:
«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։ Որպես պատճառ նա նշել էր համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների վրա ազդեցության գործիքների բացակայությունը։
Նշենք, որ ըստ ՀՀ սահմանադրության 2015 թ. խմբագրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Այսպես, Մայր օրենքի 144–րդ հոդվածի համաձայն, մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Ինչպես հունվարի 30-ին հայտնել էր
«Հայկական ժամանակը», իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ներկայիս նախարար, անկուսակցական Վահագն Խաչատրյանին։-0-