«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Աերոֆլոտ» ավիաընկերությունն առաջարկում է ուղևորներին փոխել ավիափոխադրումների ուղղությունը և հուլիսի 8–ից Վրաստանի փոխարեն թռչել Երևան կամ Վլադիկավկազ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Որպես այլընտանք` ուղևորներին կարող է առաջարկվել առանց լրացուցիչ գումար վճարելու փոխել ուղղությունը, որի սկիզբը կամ վերջը Թբիլիսին է, և օգտվել դեպի Երևան կամ Վլադիկավկազ առաջարկվող ուղղություններից սկզբնական ավիատոմսով նախատեսված թռիչքի ժամանակահատվածի սահմաններում», – հաղորդում է RNS–ը։
Հուլիսի 8–ից հետո նախատեսված ամսաթվով ավիատոմսեր գնած ուղևորները կարող են վերադարձնել տոմսի գումարը կամ անվճար փոխել չվերթի ամսաթիվն այն հաշվարկով, որ ավիափոխադրումն իրականացվի չվերթերի կատարման ժամանակահատվածում։
««Աերոֆլոտը» 2019թ.–ի հուլիսի 8–ից ամբողջությամբ կդադարեցնի իրականացնել չվերթեր դեպի Թբիլիսի։ Դրանց կատարման հաճախականությունն ամառային չվացուցակում կազմում էր շաբաթական 14 թռիչք», – նշել են ընկերությունից։
Ընկերությունը նաև պատրաստ է առանց հավելյալ գումարի փոխել Վրաստանից Ռուսաստան իրականացվող չվերթի ամսաթիվը` հասցնելով ռուսաստանցիներին դուրս բերել երկրից ավիահաղորդակցության ամբողջական դադարեցումից առաջ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիների անվտանգության ապահովման մասին Թբիլիսիում գրանցված անկարգությունների պատճառով։ Հրամանագրի համաձայն, հուլիսի 8–ից արգելվում է ուղևորային չվերթերի իրականացումը դեպի Վրաստան։ Կառավարությանը հրամանագրի շրջանակում հանձնարարվել է ապահովել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների և նրանց բեռի օպերատիվ վերադարձը։–0–