ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են

31.03.2023, 13:55
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։

«Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն», – նշել է նա։

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ–ում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկելու ժամանակ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ինչ-որ բանից բորբոքվել է, ձայնը բարձրացրել և սկսել գոռգոռալ ընդդիմադիրների վրա, «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանն ասել է՝ մի գոռա, ձայնդ մի բարձրացրու, Վարդանյանն էլ տեղից վեր է թռել, կանգնել, ոտքի է կանգնել նաև Մհեր Սահակյանը, բանավեճը շարունակվել է, Վարդանյանը նետվել է դեպի Մհեր Սահակյանը ու ինչ-որ բան ասել, վերջինս էլ խփել է։

Ինչպես հաղորդում է aysor.am–ը, «Նաիրի» ԲԿ–ից հայտնել են, որ Վլադիմիր Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով։ Վիճակը կայուն բավարար է, վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից։–0–