ԱԺ նախագահը կարող է լինել թուրքի լրտես. ընդդիմադիր պատգամավորը` Ռուբինյանին (ՎԻԴԵՈ)

03.08.2021, 12:31
ԱԺ նախագահը կարող է լինել թուրքի լրտես. ընդդիմադիր պատգամավորը` Ռուբինյանին.ՎԻԴԵՈ
ԱԺ նախագահը կարող է լինել թուրքի լրտես. ընդդիմադիր պատգամավորը` Ռուբինյանին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ՔՊ–ից ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանին մեղադրեց Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու մեջ։ 

ՔՊ–ն երեքշաբթի ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է Հակոբ Արշակյանի (բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախկին նախարար) և Ռուբեն Ռուբինյանի (ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ) թեկնածությունները։ Ընդդիմությունն առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։

«Ուզում եմ հիշեցնել, որ իշխող խմբակցությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է մի մարդու, ում կենսագրությունը շատ «ճկուն է»։ Մասնավորապես այն փոփոխվում է`ըստ զբաղեցրած պաշտոնի։ Հանրությանը հայտնի է այն հանգամանքը, որ Ռուբեն Ռուբինյանն իր կյանքի որոշակի ժամանակահատվածն անցկացրել է Թուրքիայում, և այդ ժամանակահատվածի մասին տեղեկատվություն որևէ մեկիս չի տրվել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը բավական երկար ժամանակ հանդիսանում է հանրային պաշտոնյա», – ասաց Մկրտչյանը։

«Հայաստանի իշխանությունը մեզ հրամցրել է մի իրավիճակ, որտեղ ԱԺ նախագահը (նախկին, խմբգր.) կարող է լինել թուրքի լրտես` «Օմեգա» մականունը կրող, ինչը, ըստ էության, ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը կարող է պարունակել տեսականորեն նաև այս Ազգային ժողովը։ Մասնավորապես այդ նույն իշխանությունը կարող է ԱԺ–ի այս անգամ էլ նախագահի տեղակալի պաշտոնում առաջարկել թուրքի լրտեսի», – ասաց Մկրտչյանը։

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը կոչ արեց Մկրտչյանին զերծ մնալ որակումներից, առավել ևս, երբ դա վերաբերում է ՀՀ բարձր պաշտոն զբաղեցնող անձանց, հակառակ դեպքում «դժվար է պատկերացնել շարունակությունը»։ 

Ռուբինյանն իր հերթին շնորհավորեց Մկրտչյանին պատգամավոր դառնալու կապակցությամբ։

Հիշեցնենք, որ 7–րդ գումարման ԱԺ–ում Մկրտչյանը ներառված էր «Իմ քայլը» իշխող խմբակցության կազմում։

«Ինչ վերաբերում է ձեր հարցին, ես 2017թ.–ին թուրք ազգայնականի կողմից Ստամբուլում սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակում մի քանի ամիս իրականացրել եմ հետազոտություն։ Ես երբեք դա չեմ թաքցրել, և թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, փոխնախարար նշանակվելուց երևի 3–4 ամիս անց հարցազրույցում բաց ասել եմ, որ ես հեղափոխությունից առաջ այնտեղ էի (Թուրքիայում, խմբգր.)», – ասաց Ռուբինյանը։ 

Մկրտչյանն իր հերթին նշեց, որ տեսականորեն Ռուբինյանն էլ է գնացել Թուրքիա «իր հերթական լրտեսական տառը ստանալու»։

«Ամեն անգամ, ցանկացած հարցի պատասխանելուց լավ կլինի, որ գոնե մի քանի անգամ բարձրաձայն կրկնեք, որ Արցախում կա քաղաք ոչ թե «Շուշա», այլ Շուշի, որովհետև Հայաստանի հանրությունը հնարավորություն ունեցավ հեռուստատեսությամբ լսել, թե դուք ինչպես եք Շուշին անվանում «Շուշա» և ըստ էության` ձեզ համար ոչ թե Արցախի Հանրապետություն է, այլ Ղարաբաղի տարածք», – դիմեց Մկրտչյանը Ռուբինյանին։

«Ես իմ կյանքում Շուշին «Շուշա» անվանած չկամ, այդ թվում` Հանրային հեռուստաընկերության եթերում։ Կուզեի նաև մի խորհուրդ տալ որպես երիտասարդ պատգամավորի։ Գաղտնիք չէ, որ նախընտրական շրջանում և նախընտրական շրջանին նախորդած շրջանում ձեր քաղաքական ուժը խոսում էր այն լեզվով, որով դուք հիմա խոսում եք։ Դուք մեզ ութ ամիս թուրք եք անվանել։ Եվ ի վերջո ժողովուրդը լսել է ձեզ, ձեր մեղադրանքները, ձեր վիրավորանքները, լսել է մեր լռությունը կամ պատասխանը, և ընտրությունը տվել է ամեն ինչի պատասխանը։ Ես առաջարկում եմ դասեր քաղել ձեր ընտրական արդյունքներից և հասկանալ, որ միմյանց «թուրք» անվանարկելը ստեղծում է զրո քաղաքական արժեք, պղտորում է հանրային քննարկումների մակարդակը և զուտ պրակտիկ տեսանկյունից ձեր քաղաքական ուժին ոչ մի օգուտ չի տալիս», – ասաց Ռուբինյանը։–0–