ԱԺ խորհուրդը որոշեց Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդությունն ուղարկել ՍԴ

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովի խորհրդի նիստին երեքշաբթի որոշվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։
«Ընդունվեց ակնհայտ քաղաքական որոշում. քվեարկեցին «կողմ», որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկեն Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու միջնորդությունը։ Եվ այն, ինչ մենք այսօր լսեցինք խորհրդարանի նիստում, ցույց տվեց, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է», – նշեց ԲՀԿ–ական պատգամավոր Արման Աբովյանը։
ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանն իր կողմից ընդգծեց, որ այն, ինչ տեղի ունեցավ նիստին, «անգամ սյուրռեալիզմ չէր, այլ աբսուրդի կատարյալ գագաթնակետ»։
«Սա ակնհայտ քաղաքական վենդետա է Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ», – հայտարարեց Զոհրաբյանը։
Զոհրաբյանը նշեց, որ նիստին մասնակցել է 14 մարդ` «Իմ քայլը» իշխող խմբակցության 10 անդամ քվեարկեց «կողմ», «Բարգավաճ Հայաստան» խորհրդի 4 անդամ` «դեմ»։ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները նիստին չեն մասնակցել։
Պատգամավոր Միքայել Մելքումյանն իր հերթին նշեց,որ այս որոշումը չի կարող ազդել խմբակցության այսօրվա դիրքորոշման վրա, այլ միայն ցույց է տալիս, թե ինչով է զբաղված իշխանությունը։
ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ խորհրդի անդամներից նիստին բացակայում էին ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը, իմքայլական Վարազդատ Կարապետյանն ու 2 անդամ «Լուսավոր Հայաստանից»։–0–