ԱԱԾ–ին վերապահված մի շարք գործառույթներ ժամանակ ընթացքում կփոխվեն.Փաշինյան

24.08.2021, 15:01
Փաշինյանն ասում է` պլանավորում են ՊՊԾ–ն դուրս բերել ԱԱԾ-ին ենթակա մարմնի կարգավիճակից  և դարձնել վարչապետին ենթակա մարմին
ԱԱԾ–ին վերապահված մի շարք գործառույթներ ժամանակ ընթացքում կփոխվեն.Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Էական բարեփոխումներ են պլանավորվում Ազգային անվտանգության ծառայության համակարգում։

Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԱԱԾ-ն պետք է լինի հակահետախուզական մարմին։ Այսինքն՝ ԱԱԾ-ն պետք է զբաղվի հակահետախուզությամբ։ Սահմանապահ զորքերը կշարունակեն մնալ ԱԱԾ-ի կազմում։ ԱԱԾ-ի պատասխանատվությունը կլինի նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը,  սահմանադրական կարգի պաշտպանությունը և մի շարք գործառույթներ, որ այսօր վերապահված է ԱԱԾ-ին, ժամանակի ընթացքում կփոխվեն և կվերափոխվեն»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ մի շարք հանգամանքների բերումով այսօր ԱԱԾ-ին վերապահված են լիազորություններ, որոնք մեծ հաշվով մեր ռազմավարական պատկերացումների համաձայն չպետք է վերապահված լինեին։ Եվ այս փոփոխությունների արդյունքում ԱԱԾ-ն էականորեն ուժեղանալու է:

«Գործնականում բազմաթիվ զարգացած երկրներում հենց այդպես է, երբ հետախուզությունը և հակահետախուզությունը գտնվում են տարբեր մարմիններում։ Մենք պլանավորում ենք արտաքին հետախուզության առանձին ծառայություն իրականացնել։ Պլանավորում ենք Պետական պահպանության ծառայությունը դուրս բերել ԱԱԾ-ին ենթակա մարմնի կարգավիճակից, և այն դարձնել վարչապետին ենթակա մարմին»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ քննչական համակարգը որոշակի փոփոխությունների է ենթարկվում։ ԱԱԾ-ն այլևս կոռուպցիայի դեմ պայքարող մարմին չի լինի։

«Հակակոռուպցիոն կոմիտեի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նա իր մեջ պիտի ունենա նաև օպերատիվ ծառայություն»,-ասաց վարչապետը։-0-