2019 թվականին հայ ժողովուրդը պետք է նվաճի նոր բարձունքներ. Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը (ՎԻԴԵՈ)

01.01.2019, 00:13
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ հղեց հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
2019 թվականին հայ ժողովուրդը պետք է նվաճի նոր բարձունքներ. Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ հղեց հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Փաշինյանի խոսքով, 2018 թվականը տարի էր, որ մնալու է համաշխարհային և հայ ժողովրդի պատմության մեջ, յուրաքանչյուր հայի հիշողության մեջ՝ որպես ժողովրդի իշխանության հաստատման, քաղաքացիական արժանապատվության, լավատեսության ու պետականության հաղթանակի տարի:

Նա նշեց, որ 2018-ը մի տարի էր, երբ հայաստանաբնակ թե սփյուռքահայ, մեծ ու մանուկ, կին թե տղամարդ, գյուղաբնակ թե քաղաքաբնակ՝ միավորվեցին մեկ ընդհանուր նպատակի շուրջ և կերտեցին մեկ ընդհանուր հաղթանակ, որն ի վերջո դարձավ ազգային միասնության մի բացառիկ նվաճում:

«2018-2019 թվականների այս սահմանագծին ուզում եմ ձևակերպել, ուրեմն, այն խնդիրը, որ դրված է մեր առաջ. 2019 թվականը դարձնել նույնքան սիրելի ու հարազատ, նույնքան հիշարժան և հաղթառատ, որքան եղավ 2018 թվականը:

Եվ հարկ եմ համարում արձանագրել, որ անցնող տարին ոչ թե մեր հաղթանակների գագաթն էր, այլ ընդամենը ստորոտը, ոչ թե մեր երթի եզրագիծն էր, այլ ընդամենը մեկնարկը»,- նշվում է վարչապետի պաշտոնակատարի շնորհավորական ուղերձում

Նա ընդգծեց, որ 2019 թվականին հայ ժողովուրդը պետք է նվաճի նոր բարձունքներ, արձանագրի նոր հաջողություններ և առաջին հերթին հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում:

Ըստ Փաշինյանի, 2019 թվականի հիմնական խնդիրը տնտեսական հեղափոխությունն է, նրա արդյունքներն ավելի ու ավելի տեսանելի դարձնելը: Բայց եկող տարին նույնպես հաղթանակների գագաթնակետը չի լինելու, ոչ թե այն պատճառով, որ Հայաստանի թռիչքը ցածր է լինելու, այլ այն պատճառով, որ ազգային և պետական հավակնությունները լինելու են բարձր, ավելի բարձր, ավելի ու ավելի բարձր:

«Սա է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության առանցքային իմաստը: Երբ ժողովուրդը հավատում է իր միասնության ուժին, իր անցյալի և ապագայի ուժին: Մենք հավատում ենք մեր ամեն քաղաքացու ստեղծարար տաղանդին և 2019 թվականը պիտի դառնա հենց ստեղծարար տաղանդի հաղթանակի տարի, երբ ամեն անհատ, Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի, Հայաստան ներգաղթած ամեն մի հայ իրեն տեսնում է ոչ թե սպառողի, այլ արարողի դերում, ոչ թե հետևորդի, այլ առաջնորդի դերում, ոչ թե հարկ թաքցնողի, այլ հարկ վճարողի դերում, ոչ թե գործազուրկի, այլ աշխատողի դերում, ոչ թե աղքատի, այլ աղքատությանը հաղթողի, աղքատության հետ չհաշտվողի, աղքատությունը ստեղծարար մտքով, արդար աշխատանքով հաղթահարողի դերում»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա համոզմունք հայտնեց, որ 2019 թվականը կդառնա անհատական ջանքի հաղթանակի տարի, մտքի ու աշխատանքի համադրման տարի:


«Եվ ուրեմն, ամանորյա այս օրերին մեր տրամադրությունը պետք է նոր ուժով ու եռանդով լիցքավորի բոլորիս, նոր լավատեսությամբ և սիրով համակի մեր հայրենիքն ու ժողովրդին»,- ասաց Փաշինյանը:

Նա առանձնահատուկ ողջույններ հղեց առաջնագծում և սահմանին կանգնած բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին, ովքեր աչալուրջ հսկում են երկրի ամանորյա անդորրը:

Վարչապետի պաշտոնակատարը ողջունեց Հայաստանի ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների, արդարադատության նախարարության այն ծառայողներին, ովքեր ամանորյա րոպեներին իրենց ծառայական պարտականություններն են կատարում՝ ապահովելով հայ ժողովրդի անվտանգությունը:

Նա նաև ողջունեց այն բուժաշխատողներին, էներգետիկայի, հեռահաղորդակցության, տրանսպորտի ոլորտի այն աշխատողներին, և ընդհանրապես բոլոր այն մարդկանց, ովքեր Ամանորը դիմավորում են աշխատանքային պարտականությունները կատարելիս:

«Եվ ի վերջո ողջունում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ:
Ժպտացեք իրար, սիրելի՛ հայրենակիցներ, որովհետև Նոր տարին, ահա, եկավ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք Ազատ և Երջանիկ Հայաստանում»,- նշվում է վարչապետի պաշտոնակատարի տոնական ուղերձում: -0-