Զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատարին

24.06.2016, 18:58
Գրիգորյանի դին հայտնաբերվել է հունիսի 17-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, N զորամասի զորավարժարանի տարածքում՝ նրան ամրակցված ինքնաձիգով բերանի շրջանում պատճառված հրազենային վնասվածքով։
Զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատարին
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար Վ.Բալայանին, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Հ.Գրիգորյանի դին հայտնաբերվել է 2016թ. հունիսի 17-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, N զորամասի զորավարժարանի տարածքում՝ նրան ամրակցված ինքնաձիգով բերանի շրջանում պատճառված հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, զինվորի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։

Ղարաբաղի զորամասերից մեկում զինծառայող է զոհվել>>

«Քննությամբ պարզվել է, որ ժամկետային զինծառայողի նկատմամբ դեպքի նախորդող օրը՝ հունիսի 16-ին, ֆիզիկական բռնություն է գործադրել դասակի հրամանատար Վ.Բալայանը։ Բացի այդ, 2016 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, փորձնական զորավարժության ընթացքում զինծառայող Հրանտ Գրիգորյանը վատ զգալու պատճառով չի շարունակել զորավարժությունը, ինչի կապակցությամբ Վ.Բալայանը վիրավորել է զինծառայողին՝ հայհոյելով նրան», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ):

Քննություն է տարվում պարզելու ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան հանգամանքները>>

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:–0–