ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում տեղ են գտել բազմաթիվ չստուգված լուրեր

08.02.2016, 14:31
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում տեղ են գտել բազմաթիվ չստուգված լուրեր, ասեկոսեներ և ԶԼՄ-ների հայտարարությունների վրա կառուցած եզրահանգումներ, որոնց հիմնային տվյալները կրկնաստուգման լուրջ կարիք ունեն:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում տեղ են գտել բազմաթիվ չստուգված լուրեր
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում տեղ են գտել բազմաթիվ չստուգված լուրեր, ասեկոսեներ և ԶԼՄ-ների հայտարարությունների վրա կառուցած եզրահանգումներ, որոնց հիմնային տվյալները կրկնաստուգման լուրջ կարիք ունեն:

«Փաստինֆո»-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ զեկույցը՝ հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
 
Տիգրան Մուկուչյանը նշել է,  որ Հայաստանը միշտ բարձր է գնահատել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի հետ շարունակական և արդյունավետ փոխգործակցությունը, որը  տեսանելիորեն նպաստել է Հայաստանում ընտրական օրենսդրության և ընտրական գործընթացների կատարելագործմանը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուշադրությամբ ծանոթացել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 2015թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեին վերաբերող եզրափակիչ զեկույցին:

«Ի սկզբանե հասկանալի էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ լիարժեք առաքելությամբ ներկայացվածությունը հանրաքվեին հնարավորություն կտար ունենալու առավել ամբողջական և ուրույն ընկալում և զեկույցը կառուցել փաստերի վրա: Հայաստանի Հանրապետությունը հրավեր էր հղել անցկացնելու հանրաքվեի առավել համապարփակ դիտարկում: Ինչպես արդարացիորեն նշված է զեկույցում, սահմանափակ ներկայացվածության արդյունքում հանրաքվեի օրն առաքելության գործունեությունը հասկանալիորեն համակարգված բնույթ չի կրել։ Արդյունքում զեկույցում տեղ են գտել բազմաթիվ չստուգված լուրեր, ասեկոսեներ և ԶԼՄ-ների հայտարարությունների վրա կառուցած եզրահանգումներ, որոնց հիմնային տվյալները կրկնաստուգման լուրջ կարիք ունեն»,- ասացել է ԿԸՀ նախագահը:

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ իշխանություններն արդեն իսկ հրավեր են հղել և սկսել են քննարկումները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-իև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ այդ, ինչպես նաև ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի ձեռնարկման գործընթացներին վերջիններիս բարձր մասնագիտական ներգրավումն ապահովելու ուղղությամբ: -0-