Վերաքննիչ դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքի քննությունը

09.08.2018, 20:55
«Եթե հասցնենք՝ վաղը կլինի դատարանի որոշումը, եթե ոչ՝ կշարունակենք երկուշաբթի: Ակնկալիքները դրական են, սակայն եկեք չշտապենք», - նշեց փաստաբանը:
Վերաքննիչ դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքի քննությունը

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վերաքննիչ դատարանը  հետաձգեց մինչև վաղը ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանների բողոքի քննությունը:

«Դատական նիստը կշարունակվի ուրբաթ՝ 14:00-ին», - հայտարարեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Նա ասաց նաև, որ նախկին նախագահը մասնակցել է նիստին և հանդես է եկել հայտարարությամբ:

Պաշտպաններից Արամ Օրբելյանը հայտնեց, որ նիստը դռնփակ է եղել:

«Մենք լսեցինք մի շարք փաստարկներ, սակայն ոչ բոլոր կողմերն են հասցրել ներկայացնել իրենց դիրքորոշումները, այդ իսկ պատճառով նիստը հետաձգվել է մինչև վաղը», - պարզաբանեց նա:

Միաժամանակ Օրբելյանը չկարողացավ հստակ նշել, թե կավարտվի, արդյոք, նիստը վաղը:

«Եթե հասցնենք՝ վաղը կլինի դատարանի որոշումը, եթե ոչ՝ կշարունակենք երկուշաբթի: Ակնկալիքները դրական են, սակայն եկեք չշտապենք», - նշեց փաստաբանը՝ չներկայացնելով որևէ մանրամասներ:

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։-0-