Տրանսպորտի նախարարությունը մտադիր է կենտրոնացնել համահանրապետական տրանսպորտային ցանցը` ներառելով նաև Երևանը

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է կենտրոնացնել համահանրապետական տրանսպորտային ցանցը` կապելով այն Երևանի ենթակառուցվածքի հետ, շաբաթ օրն ասուլիսի ժամանակ հայտարարեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։
«Առաջին հերթին Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռից պետական հաշվեկշիռ կտեղափոխվեն երեք ավտոկայանները։ Դրանից հետո կսկսվի կենտրոնացման գործընթացը», – ասաց Արշակյանը։
Նրա խոսքով, «Կիլիկիա», «Հյուսիսային» և «Սասունցի Դավիթ» կայանների օտարումն ու սեփականաշնորհման փորձը սխալ էր, քանի որ այդ ամենը հանգեցրեց լուրջ ճգնաժամի համահանրապետական տրանսպորտային ցանցում։
««Հայավտոկայան» ՓԲԸ–ում ներառված օբյեկտների նոր սեփականաշնորհումն այդ ընկերության սնանկության պատճառով այս պահին դադարեցվել է։ Պետական հաշվեկշռի վրա այդ օբյեկտների վերականգնման իրավական ընթացակարգերն արդեն սկսվել են», – նշեց Արշակյանը։
Նա ընդգծեց, որ տրանսպորտային համակարգի կենտրոնացման դեպքում պարտադիր կդառնա հետևել ու պահպանել բոլոր նորմերն ու ստանդարտները։
Արշակյանը նաև նշեց, որ չնայած համահանրապետական տրանսպորտային ցանցի նկատմամբ պետության վերահսկողությանը, ներհանրապետական փոխադրումներ իրականացնող բազմաթիվ ընկերություններ շարունակում են խախտել սահմանված չափորոշիչները։