Տատին սպանելու համար թոռը դատապարտվեց 21 տարվա ազատազրկման. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

14.03.2016, 14:23
24–ամյա Ալբերտ Մոմջյանը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման սեփական տատին` Սիլվա Գալստյանին սպանելու համար։
Տատին սպանելու համար թոռը դատապարտվեց 21 տարվա ազատազրկման. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. 24–ամյա Ալբերտ Մոմջյանը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման սեփական տատին` Սիլվա Գալստյանին սպանելու համար։

Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն, 2014 թ.–ի սեպտեմբերին ՀՀ ոստիկանությունը մի քաղաքացուց դիմում է ընդունել առ այն, որ նրա մայրը սեպտեմբերի 15–ի երեկոյան դուրս է եկել տանից ու չի վերադարձել։ Հարուցվել է ՔՕ դիտավորյալ սպանության հատկանիշներով և սկսվել նախաքննություն։

Նախաքննության սկզբնական փուլում որպես վկա հարցաքննվել է Սիլվա Գալստյանի որդին, ով իր ցուցմունքներով կասկածներ է հայտնել, որ իր մոր անհետանալու հետ կապ ունի իր որդին` Ալբերտ Մոմջյանը։ Բացի այդ, Սիլվա Գալստյանի բնակարանից հայտնաբերվել են արնանման հետքեր։

«Օժիտ» խանութների ցանցի սեփականատեր Սիլվա Գալստյանի թոռը` Ալբերտ Մոմջյանը, բնակվում էր տատի մոտ։ Ալբերտը հոր առաջին կնոջ որդին էր։ Հայրը 2–րդ անգամ էր ամուսնացել և նոր ընտանիքի հետ առանձին էր ապրում։ Ալբերտի ֆինանսական կարիքները հոգալու համար նրան շաբաթական 25 հազարական դրամ էր տալիս, բացի այդ ժամանակ առ ժամանակ մարում էր որդու կուտակած պարտքերը։

Ալբերտը Ձորաղբյուրում գտնվող տատի տանն ապրում էր 2014 թ.–ի գարնանից։ Սիլվա Գալստյանը շատ հոգատար էր թոռան նկատմամբ, բայց նրա պարտքերի պատճառով վերջին շրջանում տարաձայնություններ էին առաջացել նրանց միջև։ Գալստյանը լուծում էր թոռան բոլոր ֆինանսական խնդիրները, այդ թվում` մարում էր տարբեր բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ կատարելու հետևանքով առաջացած պարտքերը, սակայն, չբավարարվելով այդքանով, Ալբերտը գաղտնի հափշտակել էր տատին պատկանող 2 մլն 963 հազար դրամ ընդհանուր արժեքով ոսկե զարդերը։ Ըստ մեղադրանքի, թերևս, հենց այդ պատճառով առաջացած վեճի ժամանակ Մոմջյանն իր հանցանքը թաքցնելու նպատակով հարվածներ է հասցրել ու սպանել տատին, ապա գիշերը տատի մեքենայով նրա դին տեղափոխել Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհին հարակից տարածք և այրել։

Նախաքննության ընթացքում պարզվել էր նաև, որ Սիլվա Գալստյանի բնակարանից բացակայում են նաև մի շարք ոսկե զարդեր։ Հետագա նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Գալստյանի ամառանոցում գտնվել են ոսկու գրավադրմամբ պայմանագրեր` Ալբերտ Մոմջյանի անվամբ։ Համապատասխան միջնորդություն է ներկայացվել բանկային գաղտնի տեղեկություններ ստանալու թույլտվության վերաբերյալ, և առգրավվել են Ալբերտ Մոմջյանի անվամբ գրավադրված բոլոր ոսկե զարդերը։

Սիլվա Գալստյանի դուստրը ճանաչել է մորը պատկանող ոսկե զարդերը։ 2014 թ.–ի սեպտեմբերի 20–ին Գառնի գյուղից դեպի Բանավան տանող ճանապարհին հարակից տարածքում հայտնաբերվել է Սիլվա Գալստյանի դին` մասնատված, այրված, կենդանիների կողմից մասամբ հոշոտված վիճակում։

Կենտրոն և Նորք–Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, հաստատված համարելով Մոմջյանին մեղսագրվող արարքը, վճռեց. Ալբերտ Մոմջյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 177–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով (գողություն` զգալի չափերով) և 104–րդ հոդվածի 2–րդ մասի 11–րդ կետով (սպանություն) նախատեսված հանցագործությունների կատարման մեջ։ Ալբերտ Մոմջյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ նշանակել ազատազրկմում 21 տարի ժամկետով։ –0–