Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
26.12.2015,
11:35
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
- Դեկտեմբերի 21–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ժամանակ հանդես եկավ կոշտ հայտարարությամբ։ Նա նշեց, որ «ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ»։ Նախագահը հիշեցրեց նաև ՀԱՊԿ–ի կանոնադրության մասին: «Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը», – նշել է ՀՀ նախագահը։
- Դեկտեմբերի 21–ին վառվեցին Հանրապետության հրապարակում տեղադրված երկրի գլխավոր տոնածառի լույսերը։ Տոնածառի բարձրությունը 32 մետր է։ Այն զարդարված է լուսադիոդային շղթաներով և խաղալիքներով։ Տոնական օրերին Երևանի քաղաքապետարանը նախատեսել է տոնական լայնածավալ ծրագիր։ Մասնավորապես, դեկտեմբերի 31–ին ժամը 22։00–ին բոլոր երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին, ովքեր ցանկանում են Նոր տարին դիմավորել Հանրապետության հրապարակում, քաղաքապետարանը հրավիրում է մասնակցել տոնական համերգային ծրագրին։
- Դեկտեմբերի 23–ին Երևանում Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև քառակողմ հուշագիր է ստորագրվել, որով նախատեսվում է բարձրացնել էլեկտրաէներգիայի փոխհոսքերի կառավարման, էներգետիկ համակարգերի անվտանգության և հուսալիության մակարդակը։ «Այս միջոցառումների իրականացման նպատակն է իրագործել հյուսիս-հարավ էլեկտրաէներգտիկական միջանցքի ստեղծման նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա աշխատել ԵԱՏՄ և ԵՄ էներգահամակարգերի հետ», – նշվում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
- Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն դեկտեմբերի 23–ին Մոսկվայում ստորագրեցին համաձայնագիր հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին։ ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգը ստեղծվել է ԱՊՀ տասը երկրների համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 1995 թ.–ի փետրվարի 10–ին Ալմաթիում, այն ունի գործողության անսահմանափակ ժամկետ։
- Հայաստանի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Այսպիսով, Մխիթարյանը վեցերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և հինգերորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Նա հավաքել է 228 միավոր։ Հենրիխ Մխիթարյանի անունը 45 անգամ նշվել է առաջին և 1 անգամ երկրորդ տեղում: Տարվա լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին կհանձնվի «Ոսկե գնդակ» մրցանակը, հատուկ պատվոգիր և 4 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգև:–0–