Քրեական գործ է հարուցվել Արարատի մարզում նորածնի մահվան դեպքի առթիվ. մանրամասներ

13.12.2016, 15:47
Բժշկական կենտրոնից առգրավվել են ծննդկանի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ նորածնի մահվան պատճառը պարզելու համար։

Քրեական գործ է հարուցվել Արարատի մարզում նորածնի մահվան դեպքի առթիվ. մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

2016 թվականի դեկտեմբերի 12-ին Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ 2016թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, դստերը տեղափոխել է Արտաշատ քաղաքի ծննդատուն՝ ծննդաբերելու, սակայն մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը պատշաճ կարգով չի կատարել իր մասնագիտական պարտականությունները, որի հետևանքով նույն օրը ժամը 22-ի սահմաններում, նորածինը բաժանմունքի ծննդաբերական սենյակում մահացել է:

Նորածին է մահացել Արարատի մարզում>>
 
Նկատի ունենալով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):

Բժշկական կենտրոնից առգրավվել են ծննդկանի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ նորածնի մահվան պատճառը պարզելու համար։

Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։–0–