Քահանա. Նոր տարին հարկավոր է սկսել աղոթքով առ Աստված
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Նշան Ալավերդյանը խորհուրդ է տալիս բոլոր քրիստոնյաներին Ամանորյա գիշերը այցելել եկեղեցի և դիմավորել Նոր տարին աղոթքով:
«Հայ ազգը արժեքների քրիստոնեական համակարգի կրողն է, այդ իսկ պատճառով ցանկացած գործ մենք սկսում ենք աղոթքով և Աստծո օրհնությամբ: Նոր տարին կարևոր շրջան է կյանքում, այդ իսկ պատճառով այն պետք է անպայման սկսել աղոթքով, որպեսզի տարվա յուրաքանչյուր օր մենք զգանք Աստծո ներկայությունը», - չորեշքաբթի լրագրողներին ասաց քահանան:
Նրա խոսքով, ամենր տարի ամանորյա գիշերը հայ եկեղեցիները լցվում են հավատացյալներով, ովքեր ցանկանում են դիմավորել այս նվիրական պահը միասնության մեջ` միասնական աղոթքով:
«Արդեն երրորդ տարին է, ինչ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ամանորյա գիշերը բոլոր եկեղեցիներում Նռնօրհներքի կարգ ենք կատարում, որը խորհրդանշում է միասնություն, մեկ հավատքի շուրջ համախմբում: Այդ գիշերը մենք ավանդաբար աղոթում ենք մեր պետության բարօրության, մեր ազգի համար», - ասաց նա:
Քահանայի խոսքով, արդեն հունվարի 1-ին առավոտյան Հայաստանի բոլոր եկեղեցիներում տեղի կունենա ավանդական կիրակնօրյա պատարագը:
«Նոր տարին շատերի կողմից ընկալվում է որպես ընտանեկան տոն: Բոլոր քրիստոնյաները Աստծո մեծ ընտանիքի անդամներն են, այդ իսկ պատճառով շատ կարևոր է այցելել Աստծո տունը` եկեղեցին, և այնտեղ միասնական աղոթք բարձրացնել առ Աստված։ Տարեցտարի Նոր տարին եկեղեցում դիմավորել ցանկացողների թիվը աճում է», - ասաց հոգևոր հովիվ տեր Նշան Ալավերդյանը: -0-