Քաղաքացին հայտնել է, որ ոստիկանները ծեծելով սպանել են իր հարազատին. ՀՀ ոստիկանապետը ծառայողական քննություն է նշանակել

15.04.2019, 13:45
Քաղաքացին հայտնել է, որ ոստիկանները ծեծելով սպանել են իր հարազատին. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ծառայողական քննություն է նշանակել:
Քաղաքացին հայտնել է, որ ոստիկանները ծեծելով սպանել են իր հարազատին. ՀՀ ոստիկանապետը ծառայողական քննություն է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը ստուգում է քաղաքացու հաղորդումն առ այն, որ ոստիկանները ծեծելով սպանել են իր հարազատին։

Ինչպես նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ, սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է:

Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա: 

«Նախնական տվյալների համաձայն՝ մի քրեական գործի շրջանակում, սպանության կասկածանքով, Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցից ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված Էդգար Ծատինյանը, որի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է», - հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Ապրիլի 14-ին ոստիկանություն հաղորդում է տվել Էդգար Ծատինյանի հարազատը՝ հայտնելով, թե ոստիկանները նրան ծեծելով սպանել են, իսկ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել:

«Հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով (Սուտ մատնությունը) նախատեսված արարքի, այն է՝ սուտ մատնության հատկանիշների առկայությունը», - նշվում է տարածած հաղորդագրությունում: 

Միաժամանակ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար:-0-