Պատանդառված կինը հայհոյել է ընկերոջը. հայտնի են արտառոց դեպքի հավանական պատճառները

30.08.2017, 13:17
Նախօրեին 31–ամյա Գոռ Հակոբյանը Երևանի բիլիարդի խաղասրահներից մեկում պատանդ էր վերցրել Երևանի 24–ամյա մի բնակչուհու։
Պատանդառված կինը հայհոյել է ընկերոջը. հայտնի են արտառոց դեպքի հավանական պատճառները

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին 31–ամյա Գոռ Հակոբյանը Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող չգործող բիլիարդի խաղասրահներից մեկում պատանդ էր վերցրել Երևանի 24–ամյա մի բնակչուհու։

ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ` մինչ այդ կոտրվել էին նաև խաղասրահի պատուհանների ապակիները, վնասվել գույքը։ Խաղասրահի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիների, ահազանգով դեպքի վայր եկած իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությամբ տղամարդը, դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել պատանդին։ 

Загружается новость ... "Лево"

Կնոջն ազատ արձակելուն ուղղված բանակցություններն արդյունք չեն տվել, և տղամարդը հրաժարվել է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին։ Պատանդ վերցված կնոջ կյանքին սպառնացող իրական վտանգը կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից իրականացվել է հատուկ գործողություն, որի ժամանակ տղամարդն ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։

Armlur–ը, հղում անելով  24–ամյա կնոջը ճանաչողներին, հայտնում է, որ կինը մոտ մեկ շաբաթ առաջ էր ծանոթացել Գոռ Հակոբյանի հետ, ով ասել էր, թե վերջերս է ԱՄՆ-ից եկել և խոստացել էր ամուսնանալ կնոջ հետ։

Գոռ Հակոբյանն ասել էր նաև, որ բնակարան ունի Հյուսիսային պողոտայում և այլ խոստումներ տվել:

Նշենք, որ աղջիկը քաղաքի գիշերային ակումբներից մեկում պարուհի է:

Загружается новость ... "Право"

Պարբերական զրուցակիցների խոսքերով, դեպքի նախորդ օրը` կեսգիշերին, կինը դուրս է եկել տնից և գնացել Գոռի հետ հանդիպման: Հարազատները դեպքի մասին տեղեկացել են միայն երեկ երեկոյան, երբ նրանց է զանգահարել պատանդառված կնոջ ընկերուհին և հայտնել պատանդ վերցվելու մանրամասները:

Հարևանների խոսքերով` պատանդառված կինը վերջին օրերին հաճախ էր կապտուկներով տուն վերադառնում և եղբորն ու ծնողներին ասում, որ ամեն ինչ լավ է լինելու, իր հարաբերություններին չխառնվեն: Մեկ անգամ էլ նա տուն է գնացել ջարդված հեռախոսով: Պարզվել է նաև, որ կինը 4 տարեկան աղջիկ ունի, ում խնամքով հիմնականում տատիկն է զբաղվում: 

Ի դեպ, լուրեր են շրջանառվում նաև, թե պատանդառված կնոջ և Գոռի միջև անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ և վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կինը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել ընկերոջ հասցեին: Վերջինս զայրացել, ապա սկսել է բռնություն գործադրել կնոջ նկատմամբ, ու իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: 

Загружается новость ... "Лево"

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ երիտասարդկնոջը պատանդ վերցնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (պատանդ վերցնելը): Ստեղծվել է քննչական խումբ, և ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանի փոխանցմամբ, պատանդ վերցված կնոջ վիճակը կայուն է։ Նա ունի բազմակի կապտուկներ և մակերեսային կտրած-ծակած վերքեր` հատկապես պարանոցի շրջանում։ Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է նաև աջ ճաճանչոսկրի չբարդացած կոտրվածք:–0–