Պաշտպանության նախարարը Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարարին է ներկայացրել Նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը

12.08.2018, 12:55
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարարին է ներկայացրել արցախա- ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ- ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը։
Պաշտպանության նախարարը Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարարին է ներկայացրել Նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ս. թ. օգոստոսի 11- ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում պաշտոնական հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ- ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Կողմերն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ- ի շրջանակներում համատեղ ծրագրերին։ 

«Անդրադառնալով Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում եվ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակին, երկու երկրների պաշտպանության նախարարները կարևորել են փոխադարձ վստահության և համատեղ ռազմավարական դաշնակցային շահերի վրա հիմնված պայմանավորվածությունների հետևողական կյանքի կոչումը», – տեղեկացնում է Հովհաննիսյանը։

Դավիթ Տոնոյանն իր գործընկերոջն է ներկայացրել արցախա- ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ- ադրբեջանական պետական սահմանին, մասնավորապես՝ Նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը։

Իր հերթին հայկական կողմի խնդրանքով ՌԴ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում տիրող օպերատիվ և հումանիտար իրավիճակը։

Պարոն Տոնոյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին տեղում համակողմանի մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու մտադրությունը։ 

Խոսելով ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների շուրջ, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները կարևրել են այս ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը։ 

Հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել նաև Համաբանակային խաղերի փայլուն կազմակերպման համար և շնորհավորել ՌԴ ԶՈՒ թիմերի գերազանց ելույթների կապակցությամբ։–0–