ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ձերբակալված հանցավոր խումբը ծրագրում էր պայթեցնել հանրապետության նախագահի ինքնաթիռը, գրում է
«Հրապարակ» թերթը:
«Մեր աղբյուրները վկայում են, որ Պնախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը խմբի կազմակերպիչներից չէ: Նա ընդամենը համագործակցել է՝ էքսպերտի կարգավիճակով, խորհուրդներ է տվել: Սակայն խմբի հետ փոխկապակցված բավականին թվով հայտնի մարդիկ կան, և իշխանությունը չգիտի, թե «իմանալ-չհայտնելու» հոդվածն ինչպես կիրառի:
Խումբն ունեցել է 5 «ճյուղավորում», որոնք համաժամանակյա պետք է գրավեին նախագահականը, կառավարությունը, ԱԺ-ն, ՍԴ-ն, հեռուստաաշտարակը: Գլխավոր գործողությունը պետք է իրականացվեր դեկտեմբերի 1-ին Ֆրանսիա մեկնել պատրաստվող ՀՀ նախագահի ինքնաթիռը պայթեցնելով»,-գրում է թերթը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա է մեկնել նոյեմբերի 29-ին:
Թերթի հավաստմամբ, օպերացիան լավ մշակված է եղել, սակայն Իսպանիայից Հայաստան եկած Արթուր Վարդանյանը սխալ է թուլ տվել, նա հանդիպել է մեկին, որին չպետք է հանդիպեր ու հայտնվել է ԱԱԾ հսկողության դաշտում:
Վահան Շիրխանյանը կալանավորվել է>>
Դեկտեմբերի 21-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը: Ավելի վաղ Շիրխանյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր համագործակցությանը մասնակցելը», որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով: Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը ձերբակալվել է դեկտեմբերի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից՝ Երևանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում։
ԱԱԾ–ի տարբեր ստորաբաժանումների ձեռնարկած համատեղ միջոցառումների ընթացքում հաջողվել է բացահայտել և վնասազերծել հանցավոր խումբ, որն իր զինվածության մակարդակով, անդամների քանակով, կազմակերպվածությամբ, ինչպես նաև պատրաստվող գործողությունների վտանգավորությամբ ըստ էության նախադեպը չի ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում:-0-