Նախընտրական շրջանում Հայաստանում գրանցված գնաճը. factcheck «Նովոստի-Արմենիայից»

31.03.2017, 18:20
Մարտի առաջին տասնօրյակում հայկական լրատվամիջոցները ահազանգեցին, որ Հայաստանում պարենային գները կտրուկ աճել են:
Նախընտրական շրջանում Հայաստանում գրանցված գնաճը. factcheck «Նովոստի-Արմենիայից»
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի առաջին տասնօրյակում հայկական լրատվամիջոցները ահազանգեցին, որ Հայաստանում պարենային գները կտրուկ աճել են:

Ինչո՞ւ

Որոշ մասնագետների գնահատականներով, գնաճը պայմանավորված է խորհրդարանական ընտրությունների հետ: Ընդ որում, հիմնականում նշվում էր, որ թանկացել են կոնկրետ ապրանքատեսակներ, որոնց մատակարարները, զարմանալի զուգադիպությամբ, առաջադրվելեն ՀՀԿ ռեյտինգային (տարածքային) ցուցակներով: Խոսքը, մասնավորապես, բանանի, շաքարավազի և շոկոլադի մասին էր:

Ի՞նչ եղավ հետո

Աղբյուրները զգուշացնում էին, որ գնաճը շարունակական բնույթ կունենա` կախված ընտրակաշառքների ծավալներից և չափերից:

Factcheck

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը չորս շաբաթվա ընթացքում իրականացրել է նշված ապրանքատեսակների գների մոնիթորինգ խանութների ցանցից մեկում և եկել է այն եզրակացության, որ գնաճի վերաբերյալ ահազանգը մի փոքր չափազանցվել է:

Այսպես, մարտի 10-ի դրությամբ 1կգ շաքարավազն արժեր 410 դրամ, բանանը` 720 դրամ, իսկ ներկրված շոկոլադի սալիկը (150 գր քաշով) արժեր միջինը 370 դրամ: Մեկ շաբաթ անց գները մնացին անփոփոխ: Երրորդ շաբաթվա մոնիթորինգը ցույց տվեց, որ բանանը թանկացել է 40 դրամով` մինչև 760 դրամ, իսկ շաքարավազը որոշ խանութներում նույնիսկ էժանացել է 20 դրամով (390 դրամ): Եվ վերջապես, ընտրություններից երկու օր առաջ շաքարավազի գինը վերադարձավ նախկին գնին` 410 դրամ մեկ կգ-ի դիմաց, իսկ բանանը և շոկոլադը, նախորդ շաբաթվա համեմատ, էժանացան 25 դրամով (735 և 345 դրամ համապատասխանաբար):

Եզրակացություն

Եվ այսպես, մենք պարզեցինք, որ շաքարավազի և ներկրվող շոկոլադի գները նախընտրական շրջանում չեն աճել, իսկ բանանի գինը բարձրացել է ընդամենը 15 դրամով` մինչև 735 դրամ: -0-