Լոուքոսթեր «Պոբեդան» դեռ չի կարող հայ ուղևորներին էժան տոմսեր առաջարկել

21.03.2016, 13:55
Ռուսական լոուքոսթեր «Պոբեդան» դեռ չի կարող հայ ուղևորներին էժան տոմսեր առաջարկել, հայտնել է «Պոբեդա» ավիաընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան։
Լոուքոսթեր «Պոբեդան» դեռ չի կարող հայ ուղևորներին էժան տոմսեր առաջարկել

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական լոուքոսթեր «Պոբեդան» դեռ չի կարող հայ ուղևորներին էժան տոմսեր առաջարկել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց «Պոբեդա» ավիաընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան։

«Ռոսավիացիան» փետրվարի 27–ին տեղեկատվություն էր տարածել, որ ռուսական լոուքոսթեր «Պոբեդան» Հայաստան թռիչքներ կատարելու թույլտվություն է ստացել։ Մասնավորապես, ավիաընկերությանը թայլատրել են կատարել Սոչի–Երևան չվերթը, որը կիրականացվի շաբաթական չորս անգամ։

Սելիվանովայի խոսքով` «Պոբեդան» ակտիվորեն ընդլայնում է չվերթերի ցանցն ու դիտարկում է դեպի Երևան չվերթերի բացման հնարավորությունը։

«Այս պահին Երևանի օդանավակայանում սպասարկման սակագները թույլ չեն տալիս «Պոբեդա» ավիաընկերությանն, այդ շուկա դուրս գալու դեպքում, առաջարկել ավիատոմսեր նվազագույն սակագներով, ինչը հակասում է լոուքոսթերի սակագնային քաղաքականությանը», – ասաց Սելիվանովան։

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից (ՔԱԳՎ) նշեցին, որ դեռևս պաշտոնական հայտ չեն ստացել ռուսական «Պոբեդա» լոուքոսթերից դեպի Երևան չվերթեր իրականացնելու համար։

Ըստ կանոնակարգի` ընկերությունը պետք է հայտով դիմի ՀՀ ԱԳՆ–ին, որն այն կներկայացնի ՔԱԳՎ–ին։ Հայտը դիտարկելուց հետո այն կհամաձայնեցվի Էկոնոմիկայի նախարարության և այլ պատասխանատու գերատեսչությունների հետ, ինչից հետո ընկերությունը կստանա թույլտվություն և կսկսի թռիչքները։ Ձևակերպման ընթացակարգը տևում է մոտ մեկ ամիս։ Մինչ այդ ընկերությունը չի կարող թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան։

«Պոբեդա» ավիաընկերությունը հիմնվել է 2014թ.-ի սեպտեմբերին «Դոբրոլյոտ» բյուջետային փոխադրողի փոխարեն, որը նույն տարվա ամռանը դադարեցրել էր թռիչքները Եվրամիության պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց հետո, քանի որ թռիչքներ էր իրականացնում դեպի Ղրիմ։ –0–