Ճանապարհային երթևեկության տեսանկարահանող սարքերը չեն խախտում անձնական կյանքի իրավունքները. ոստիկանություն

16.06.2017, 20:26
Վերջին օրերին համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբր տեսահսկող սարքերով արձանագրվում են նաև մեքենայի սրահում կատարվող խախտումները:
Ճանապարհային երթևեկության տեսանկարահանող սարքերը չեն խախտում անձնական կյանքի իրավունքները. ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին օրերին համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբր տեսահսկող սարքերով արձանագրվում են նաև մեքենայի սրահում կատարվող խախտումները (չամրակապված երթևեկություն, ընթացքում ծխել, հեռախոսով խոսել և այլն):

Այս հարցին անդրադարձել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և տրանսպորտային միջոցների վարորդների ու սեփականատերերի մտահոգություններն այս առումով անտեղի են», – նշել է Ահարոնյանը Facebook–յան իր էջում ու ավելացրել, որ տեսանկարահանող սարքերով իրավախախտումների հայտնաբերման վարչարարության մեջ փոփոխություններ չեն կատարվել։

«Այսինքն, վերը նշված իրավախախտումների փաստերը, ինչպես միշտ, արձանագրվելու են, բայց ոչ տեսահսկող համակարգի միջոցով», – ընդգծել է Ահարոնյանը։–0–