ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ArmComedy–ի ռեզիդենտ Նարեկ Մարգարյանն արժանացել է Ironman (Երկաթե մարդ) տիտղոսին տրիատլոնում։
«Առաջին ամբողջական Ironman տրիատլոնը հեշտ չտրվեց։ Բացի ավանդական բարդ դիստանցիայից՝ 3,8կմ լող, 180կմ hեծանիվ ու այնուհետ 42,2կմ վազք, մեր գնալը «նավսած» էր )) Պետք է դեռ 2020-ին մեկնեինք, բայց Կովիդը պատահեց, մի քանի անգամ հետաձգելուց հետո գրանցվեցինք Ironman Coeur d’Alene 2021։ Մտածեցինք դե էլ երբ պետք է Այդահո նահանգում հայտնվենք», – գրել է Նարեկը Մարգարյանը Facebook–յան իր էջում։
Նա նշել է, որ դիստանցիան արդեն իսկ բարդ էր նրանով, որ հեծանիվի փուլում 2100մ միայն բարձրանում ես, մի հատ էլ հարվածեց heatwave-ը։ 43 աստճան էր հասել շոգը երբ նրանք հեծանիվի վրա էին։
«130-րդ կիլոմետրի վրա իսկապես ուզում էի կանգնել, բայց մտքումս տղաս էր, ով անհամբեր սպասում էր, որ ասեմ Այրոնմենը արել եմ», – նշել է Մարգարյանը։
Նրա խոսքով, 2500 մարզիկից 500 ընդհանրապես ֆինիշին չհասավ, որովհետև իսկապես դաժան շոգ էր։
«Բոլորս աննկարագրելի ջրազրկված էինք չնայած լիտրերով իզոտոնիկներ ու ջուր էինք խմում։ Ամեն ջրի կայանի մոտ շորիս տակ դույլով սառույց էի լցնում, որ կարողանամ շարունակել։ Լավ ժամի մասին պետք էր մոռանալ ու կենտրոնանալ հասնելու վրա։ 15 ժամ 18 րոպե, իմ սպասված 13-ի փոխարեն։ Արագ ժամի համար մյուս տարի կգրացվեմ Ironman Barcelona։ Մի խոսքով ստուգում ես և ֆիզիկական և կամային սահմանները, հասկանում ես, որքան են իրանք քո պատկերացրածներից լայն», – նշե է Մարգարյանն` ավելացնելով, որ Հայաստանից տրիատլոնին մասնակցել է 6 հոգի և բոլորն էլ հասել են ֆինիշի։
Մրցումներին ընդհանուր առմամբ մասնակցել է 45 երկրի ներկայացուցիչ։–0–