Ի՞նչ կարելի է ոչնչացնել «Իգլա» զենիթա–հրթիռային համալիրով. պարզաբանում է փորձագետը

22.03.2017, 20:08
Փորձագետը ներկայացրել է, թե ինչ թիրախներ կարելի է խոցել այս համալիրի միջոցով։
Ի՞նչ կարելի է ոչնչացնել «Իգլա» զենիթա–հրթիռային համալիրով. պարզաբանում է փորձագետը
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը մեկնաբանել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման հետ կապված իրավիճակը։

Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Փորձագետը ներկայացրել է, թե ինչ թիրախներ կարելի է խոցել այս համալիրի միջոցով։

Загружается новость ... "Лево"

««Իգլան» նախատեսված է ցածր թռչող կամ համեմատաբար ցածր թռչող օդային թիրախներ խոցելու համար։ Այն կարող է խոցել մինչև 3–3,5 կմ բարձրության վրա թռչող թիրախներ։ Այսինքն, «Իգլայով» կարելի է խոցել ինքնաթիռ, ուղղաթիռ։ Թե ինչի համար է այն մաքսանենգ ճանապարհով բերվել Հայաստան, կհայտնեն համապատասխան մարմինները», – հայտարարեց Վրթանեսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Նա չբացառեց, որ «Իգլա» զենիթա–հրթիռային համալիրը կարող էր ձեռք բերվել քաղաքական նպատակներով։

Չորեքշաբթի ԱԱԾ–ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ 2017թ. մարտին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել` ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները։

Նախաքննությունը շարունակվում է։–0–