ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է ապրիլի 14–֊ին Հանրային ռադիոյի շենքում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի խումբ անձանց իրականացրած գործողությունների փաստի առթիվ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով։
Այսպես կոչված «խաղաղ հավաքի» մասնակիցներից ոմանք, որոնց ինքնությունն արդեն իսկ ճշտված է, հաղթահարված համարելով ոստիկանության ծառայողների դիմադրությունը, չխորշեցին անգամ ոտքի հարվածներով ջարդել շենքի դռներից մեկը՝ նյութական վնաս պատճառելով ընկերությանը:
Ի դեպ, ոստիկանության ծառայողները շինության պահպանությունն իրականացնելիս են եղել մարտական զենքով: Հավաքի կազմակերպիչը իր անգործությամբ ուղղակի վտանգել էր երիտասարդների կյանքն ու առողջությունը, քանի որ ոստիկանության ծառայողները բոլոր հիմքերն ունեին ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում: Այս հանգամանքն օրինական հիմք էր թե զենքը մերկացնելու, թե ոստիկանության ծառայողին որոշակի հեռավորությունից չմոտենալու պահանջ ներկայացնելու, և թե զենքի գործադրման մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելու համար, ինչը կարող էր հանգեցնել ողբերգական հետևանքների, եթե չլիներ ոստիկանության ծառայողի զսպվածությունն ու պրոֆեսիոնալիզմը:
Նյութերի նախապատրաստման փուլում ծանուցումներ են ուղարկվել դեպքին առնչվող բոլոր անձանց՝ ոստիկանություն ներկայանալու և բացատրություններ տալու նպատակով:
Ապրիլի 14–ի հաղորդում է ստացվել այն մասին, որ ակցիայի մասնակիցները, Փաշինյանի գլխավորությամբ, հաղթահարելով անվտանգության ծառայության աշխատակիցների դիմադրությունը, ներխուժել են «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ–ի շենք, որը ռազմավարական օբյեկտ է, ենթակա է պետական պաշտպանության և գտնվում է ոստիկանության հսկողության ներքո։ Ակցիայի մասնակիցները մտել են կազմակերպության կաբինետներից մեկը` կոտրելով փակ դուռը։ Ոստիկանության աշխատակիցը պահանջել է Փաշինյանից դուրս հանել ակտիվիստներին շենքից և ազատել այն։ Սակայն ակցիայի կազմակերպիչը չի փոխանցել ոստիկանի օրինական պահանջը ցուցարարներին և չի կատարել է «Հավաքների ազատության մասին» օրենքի պահանջը։ Ներխուժած մարդիկ խոչընդոտել են կազմակերպության գործունեությանը, իսկ Փաշինյանը պահանջել է տրամադրել ուղիղ եթեր։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում