Հանրահավաքների ժամանակ տուժած քաղաքացիների մի մասը դուրս է գրվել

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, Facebook–յան իր էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։
«Ապրիլի 22-ին ժամը 16։30-ի դրությամբ, ընդհանուր առմամբ Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում 9 տուժած, որից 7–ն ընդունվել է այսօր։ Մեկը ապրիլի 16-ից բուժումը շարունակում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում` նաև վնասվածքի հետ չառնչվող հիվանդության պատճառով։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժվող 2 տուժածից մեկն առաջիկա ժամերին դուրս կգրվի։ «Էրեբունի» բժշկական կենտրոններում այս պահին բժիշկների հսկողության ներքո է 6 տուժած», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ 6-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության:
Այսօր առավոտ «Մարիոթ» հյուրանոցում «Ելք» ընդդիմադիր կուսակցուցյան ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շանտաժ է անվանել ընդդիմության գործողությունները: Նա զգուշացրել է, որ այդ գործողությունների շարունակության դեպքում ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ընդդիմության վրա: Սերժ Սարգսյանի գնալուց հետո Փաշինյանը նշել է, որ ակցիաներն ամբողջ հանրապետությունում կշարունակվեն կրկնակի ծավալով: Ավելի ուշ Արցախի պողոտայում անցկացվող երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը բերման են ենթարկվել: Ոստիկանությունը նաև զանգվածային բերման է ենթարկում ցուցարարներին:
Ապրիլի 13–ին «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացնում է շուրջօրյա հանրահավաքներ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 16–ից հանրահավաքները վերածվեցին քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և իրավապահների միջև, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային մայրուղիների, ինչպես նաև պետական հաստատությունների շենքերի արգելափակմամբ։ Ապրիլի 17–ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մասին։–0–