Գործարկվել է Մոսկվա–Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին

21.04.2017, 18:20
Գործարկվել է Մոսկվա–Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին։
Գործարկվել է Մոսկվա–Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Գործարկվել է Մոսկվա–Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին, հաղորդվում է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքում։

Երթուղին գործելու է շաբաթական երեք անգամ` չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին «Յուժնիյե Վորոտա» ավտոկայանից։

«Երկու մայրաքաղաքների միջև պաշտոնական երթուղու գործարկումը պետք է ուղևորներին տրամադրի արագ, հաճախակի և առավելագույնս անվտանգ երթուղիներ Մոսկվայից դեպի Երևան», – նշել է «Մոսգորտրանսի» ավտոկայանների շահագործման և զարգացման ծառայության տնօրեն Եվգենի Ժիգունովը։

Նրա խոսքով, «Յուժնիյե Վորոտա» միջազգային ավտոկայանում կան զննման գոտիներ, մետաղի դետեկտորներ և տեսահսկման համակարգեր։ Հատուկ ուշադրության են արժանանում ավտոբուսների տեխնիկական վիճակը և վարորդների նախաերթուղային բժշկական հսկողությունը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր մրցույթ դեպի Ռուսաստան իրականացվող 12 կանոնավոր երթուղիների սպասարկմամբ զբաղվող փոխադրող ընկերությունների շրջանում։ Մրցույթին մասնակցել է 20 ընկերություն, որոնցից ընտրվել են լավագույն 11–ը, որոնք էլ իրենց հերթին ներկայացրել են չափորոշիչներին համապատասխանող ավտոբուսներ և փորձառու վարորդներ։–0–