Սամվել Կարապետյանը ներառվել է Forbes–ի կազմած «Ռուսական անշարժ գույքի արքաները 2016» վարկանիշում

28.01.2016, 18:45
Ռուսաստանաբնակ հայազգի խոշոր ձեռներեց Սամվել Կարապետյանը, ով «Տաշիր» խմբի նախագահն է, ներառվել է Forbes–ի կազմած «Ռուսական անշարժ գույքի արքաները 2016» վարկանիշում` 30 ձեռներեցների շրջանում զբաղեցնելով 3–րդ հորիզոնականը։
Սամվել Կարապետյանը ներառվել է Forbes–ի կազմած «Ռուսական անշարժ գույքի արքաները 2016» վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայազգի խոշոր ձեռներեց Սամվել Կարապետյանը, ով «Տաշիր» խմբի նախագահն է, ներառվել է Forbes–ի կազմած «Ռուսական անշարժ գույքի թագավորները 2016» վարկանիշում` 30 ձեռներեցների շրջանում զբաղեցնելով 3–րդ հորիզոնականը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Սամվել Կարապետյանը «Տաշիր» խմբի նախագահն է։ Վարձակալությունից ստացած եկամուտը կազմել է 610 մլն դոլար։ Հիմնական օբյեկտներն են «ՌԻՈ» առևտրի և ժամանցի կենտրոնը (105 000 քմ), Novotel Moscow City–ն (360 համար)։ Առևտրի համար նախատեսված տարածքները կազմում են 925 300 քմ, գրասենյակային հարթակները` 48 400 քմ, պահեստի համար նախատեսված տարածքները` 48 000 քմ։ Հյուրանոցային համարների թիվը` 1157։ Հրապարակման մեջ նաև նշվում է, որ «Իզվեստիա» թերթին և հրատարակությանը պատկանող հին շենքերի տեղում «Տաշիրը» կկառուցի  120 000 քմ բնակելի և կոմերցիոն անշարժ գույք։

Հրապարակման համաձայն` Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ նախատեսում է մասնակցել տրանսպորտային հանգույցների կառուցմանը, որոնք դեռևս չեն հետաքրքրում ներդրողներին։ «Տաշիր» ընկերությունը բացել է խանութների սեփական ցանցը, որտեղ վաճառվում են տան համար նախատեսված ապրանքներ։ Առաջին երկու խանութները կբացվեն Սանկտ Պետերբուրգում և Տամբովում գտնվող «ՌԻՈ» առևտրի կենտրոններում։ «Տաշիրն» արդեն բացել է Тake Away խանութը և գործարկել «Ферма.рф» մթերային խանութների ցանցը։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ անշարժ գույքի ռուսական շուկան պատմության ընթացքում գրանցված խոշորագույն ճգնաժամային փուլում է։ «Ամեն ինչ նվազել է գրեթե կրկնակի», – նշում է Forbes–ի վարկանիշում ներառված գործարարներից մեկը` խոսելով վարձակալությունից ստացված եկամտի մասին։ Անշարժ գույքի 30 «թագավորների»` վարձակալությունից ստացած համախառն հասույթը տարվա ընթացքում նվազել է 25 տոկոսով, ինչը ռեկորդ է Forbes–ի վարկանիշի հրապարակման տարիների ընթացքում։

Knight Frank–ի տվյալներով`առևտրի կենտրոններում վարձակալության գները մեկ տարվա ընթացքում դոլարով հաշվարկի դեպքում նվազել են 20–35 տոկոսով, իսկ А դասի գրասենյակներում` 21 տոկոսով։ Բարձրակարգ գրասենյակների վարձակալության արժեքը դեռևս հաշվարկվում է դոլարով, քանի որ բիզնես կենտրոնների սեփականատերերի վարկերն արտարժույթով են, մնացած ողջ շուկան գրեթե ամբողջությամբ գնահատվում է ռուբլով։ Սակայն ռուբլով ևս անկումը մեծ է` տարբեր գնահատականներով 10–15 տոկոս։

Պահանջարկը ևս նվազում է

CBRE–ի վերլուծաբանները փաստում են, որ 2015 թ.–ի վերջի դրությամբ Մոսկվայում դատարկ են А դասի 1 մլն քմ մակերեսով գրասենյակներ, այսինքն` այդ ոլորտի հարթակների 27 տոկոսը։ Առևտրի կենտրոններում առանց վարձակալման է մնացել տարածքների 7,5 տոկոսը։

Վարկանիշում նորեկներ են հայտնվել

Այդուհանդերձ, որոշ գործարարներ կարողացել են աճ գրանցել, սակայն դա նրանցից մեծ ջանքեր է պահանջել։ Այսպես, օրինակ, Յուրի և Ալեքսեյ Խոտինների «Համալիր ներդրումներ» ընկերությունը Սուլեյման Քերիմովին պատկանող կառույցներից գնել է «Մոսկվա» հյուրանոցը և առաջին հարկում գտնվող առևտրի կենտրոնը։ Գործարքների գումարը չի հրապարակվում, սակայն փորձագետներն անշարժ գույքը գնահատում են մոտ 510 մլն դոլար։

Շուկայի դերակատարները 2016 թ.–ին հրաշքներ չեն ակնկալում։ Վարձակալության գները չեն աճի, դատարկ տարածքների թիվը կավելանա։ Ինչպես նշել է Capital Group–ի հիմնադիր Վլադիսլավ Դորոնինը, Ռուսաստանում նախագծերը դադարել են հետաքրքիր լինել, հարկավոր է ուշադրություն դարձնել քաղաքական իրավիճակի փոփոխություններին։

Forbes–ի կազմած «Ռուսական անշարժ գույքի թագավորները 2016» վարկանիշին ամբողջությամբ կարող եք ծանոթանալայստեղ։ –0–