Երևանում մեկնարկել է DispruptHR համաշխարհային շարժումը (ՖՈՏՈ)

27.05.2021, 13:07
Մայիսի 26-ին Երևանում մեկնարկեց  DispruptHR Yerevan շարժումը, որը  մեծ տարածում է գտել աշխարհում՝ ընդգրկելով շուրջ 35 երկիր և 155-ից ավել քաղաք.ՖՈՏՈ
Երևանում մեկնարկել է DispruptHR համաշխարհային շարժումը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 26-ին Երևանում մեկնարկեց  DispruptHR Yerevan շարժումը, որը  մեծ տարածում է գտել աշխարհում՝ ընդգրկելով շուրջ 35 երկիր և 155-ից ավել քաղաք: Միջոցառման շրջանակներում տարբեր ընկերությունների 8 խոսնակներ ներկայացրին իրենց տեսակետները ավելի քան 150 ունկնդիրների։

Յուրօրինակ ձևաչափով ներկայացվող ելույթները նպատակ ունեին վաղվա առաջնորդներին զինել ինֆորմացիայով, ոգեշնչել և մոտիվացնել բոլոր նրանց, ովքեր  լի են նոր ու շրջադարձային գաղափարներ իրագործելու պատրաստակամությամբ և վստահ առաջ են շարժվում`ավելի լավ ապագա կերտելու համար:

DispruptHR-ը Հայաստանում ներկայացնում և իրականացնում է Cascade People & Business ընկերությունը: Միջոցառման հաջող իրականացմանը նպաստեցին գործընկերները՝ Ամերիաբանկը և Արմենիա Վայն ընկերությունը։

 - рис.1

DisruptHR. ապագային միտված շարժում

Cascade People & Business ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը նշեց, որ քանի որ Cascade People & Business-ի վարած քաղաքականության հենակետերից են մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի զարգացումը, հանրայնացումը և կարևորումը, մեզ համար տրամաբանական քայլ է աշխարհով մեկ մեծ ալիք առաջացրած DisruptHR շարժման ներկայացումը Հայաստանի բիզնես համայնքին։

«DisruptHR-ը ապագայի մասին է և միտում ունի զինել էներգիայով և նոր մտքերով ապագա կառավարիչներին», – նշեց նա։

Կարապետյանի խոսքով, իրականացվել է մեծ աշխատանք, որպեսզի DisruptHR շարժումը գա Հայաստան։

«Մեր բոլոր խոսնակները ՄՌԿ ոլորտի մասնագետներ են, որոնք լսարանի հետ կիսվում են իրենց գաղափարներով և ինովացիոն տրամադրվածությամբ։ Դա կօգնի հասկանալ` ուր է շարժվում HR–ը որպես մասնագիտություն և ուր է շարժվում բիզնեսն ընդհանուր առմամբ, կօգնի ստեղծել ընդհանուր հարթակ, որտեղ մարդիկ կկարողանան ազատ արտահայտել մասնագիտության վերաբերյալ սեփական մտքերն ու ներքին զգացողությունները», – պարզաբանեց նա։

Նշելով, որ առաջին միջոցառումը պետք է կազմակերպվեր նախորդ տարվա մարտին, բայց հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով` Կարապետյանն ասաց, որ նմանատիպ կոնֆերանսներ անցկացվելու են պարբերաբար` երկու ամիսը մեկ։

«Այս ժամանակահատվածում, երբ մենք բոլորս հաղթահարում ենք տարբեր դժվարություններ և հայտնվում մենք մարտահրավերների առաջ, նմանատիպ համախմբումը, գործընկերությունը շատ կարևոր են, երբ տարբեր կազմակերպություններ միավորվում են մեկ գաղափարի շուրջ և փորձում են զարգացնել այն և փոխանցել մյուս բիզնեսներին», – ընդգծեց նա։

 - рис.2

HR–ի և բիզնեսի կապը. գիտելիքներով կիսվելու և մարտահրավերները հաղթահարելու կարողություն

«Ուրախ ենք նման հետաքրքիր և յուրահատուկ ձևաչափով Հայաստանում առաջին անգամ անցկացվող DistruptHR նախագծի մասնակիցը դառնալու համար», – ասաց Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Աննա Վարդանյանցը:

Նա նշեց, որ միջոցառումը լավ հնարավորություն է խոսելու և կիսվելու առկա խնդիրներով և մարտահրավերներով, որոնց ամեն օր առնչվում են մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի մասնագետները:

«Դա նոր ազդակ կհաղորդի ամբողջ շուկային, կնպաստի մասնագիտության զարգացմանը։ Բիզնեսը հասկանում է, որ սարքավորումները, մեքենաները, այո, ունեն գին, դրանք կարելի է ձեռք բերել և ներդնել, բայց այդ ամենն անհնար է իրագործել առանց մարդկանց ներգրավվածության և նվիրվածության, այն ջանքերի և էմոցիոների, որոնք մարդիկ ներդնում են դրա մեջ», – ընդգծեց նա։

Վարդանյանի խոսքով, ակնհայտ է, որ ՄՌԿ և բիզնեսի կապը գնալով  ավելի է ամրապնդվում ու զարգանում, իսկ մարդակենտրոն կառավարումը դառնում է անհրաժեշտություն։

«ՄՌԿ հմտությունները, ունակություններն ու սպասելիքներն անընդմեջ փոխվում են, ինչը վերափոխման, անձնային աճի և զարգացման նոր փուլ է ողջ ոլորտի և յուրաքանչյուր մասնագետի համար», – ասաց նա։

Նա նաև նշեց, որ միջոցառման շրջանակում Ամերիաբանկի ներկայացուցիչները ներկայացնում են երեք տարբեր թեմաներ, որոնցից յուրաքանչյուրը շատ կարևոր է։

«Մարդկանց զարգացումը շատ կարևոր է, և մենք միանում ենք այս նախաձեռնությանը, քանի որ կարևորում ենք սեփական գիտելիքներով և փորձով կիսվելը։ DisruptHR ձևաչափը լավ է նրանով, որ մենք խոսելու ենք ոչ թե բարի և լավ բաների մասին, այլ կիսվելու ենք այն կրիտիկական մարտահրավերներով, որոնց հետ բախվում է մասնագիտությունը, որոնք մեզ բոլորիս համար կստեղծեն բարդություններ, և մենք պետք է հաղթահարենք դրանք` կիսվելով սեփական փորձով», – ասաց նա։

 - рис.3

Խթան`հետագա բարեփոխումների համար

Արմենիա Վայն ընկերության մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման տնօրեն Մարիաննա Մնացականյանը նշեց, որ DisruptHR շարժումը հիանալի խթանիչ գործիք է HR ոլորտում հետագա բարեփոխումների իրականացման համար:

«Պատմության վերհանման ու մասսայականացման կարևորությունը գիտակցելով` անհրաժեշտ է որդեգրել նոր մեխանիզմներ, որոնք կնպաստեն, ոչ միայն  աշխատակիցների զարգացմանն ու մոտիվացիայի բարձրացմանը, այլ նաև ներկայիս բարդ իրավիճակում կունենան ազգապահպան նշանակություն», – ասաց նա։

Cascade People & Business ընկերության մասին

Cascade People & Business ընկերությունը (www.cascade.am) մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական առաջատար հայաստանյան ընկերություն է, որը գործում է «Ամեն ինչ ՄՌ ոլորտում և ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Իր   գործունեության 13 տարիների ընթացքում, համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ, ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության՝ դառնալով նշաձող օրեցօր աճող ու զարգացող ՄՌ համայնքի համար:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+374 10) 56 11 11 հեռախոսահամարով:

Արմենիա Վայն ընկերության մասին

«Արմենիա Վայնն» (www.armeniawine.am) ընտանեկան սեփականություն հանդիսացող ընկերություն է՝ ստեղծված հայրենիքի, նրա մշակույթի և բնության նկատմամբ ունեցած սիրով: Սկսելով 2006 թ. խաղողի այգիների տնկումով՝ գինու գործարանը հիմադրվել է 2008 թ.: Այսօր ընկերությունն իր մրցանակակիր գինիներով և գերժամանակակից գործարանով հանդիսանում է Հայաստանի արդի գինեգործության խորհրդանիշը:–0–