Ցուցարարները վարչապետի հետ միասին մտան ԱԺ–ի տարածք

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մի քանի հարյուր ցուցարարներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին անցան ԱԺ–ի տարածք։
Փաշինյանը երեքշաբթի երեկոյան հրատապ հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում` հայտարարելով, որ այս պահին գնում է Ազգային ժողով, որտեղ, փաստորեն, արգելափակված են մնացել պատգամավորները։
Նա տեղեկացրեց, որ մտադիր է բանակցել այնտեղ գտնվող պատգամավորների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ` ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար։ Այս պահին ԱԺ անվտանգության ծառայության աշխատակիցները փորձում են զսպել մարդկանց, ովքեր շարժվում են դեպքի Ազգային ժողովի մուտք։
ԱԺ–ի գլխավոր մուտքի մոտ` աստիճանների վրա, կանգնած են «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Էդմոն Մարուքյանը, ովքեր փորձում են հանգստացնել մարդկանց։
ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի արտահերթ նիստում երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնք թույլ կտան պատգամավորներին ապահովագրվել խորհրդարանի հնարավոր արձակումից։
Օրինագծին «կողմ» քվեարկեցին ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները, դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը։
Ըստ փոփոխությունների, եթե ԱԺ նիստը չի կարող անցկացվել քվորումի բացակայության պատճառով կամ ստեղծվում են խոչընդոտներ նիստին պատգամավորների մասնակցության համար, ապա առաջարկվում է դադարեցնել նիստն ու շարունակել խոչընդոտող հանգամանքների վերացումից հետո։ Ինչպես կարծում են օրենքի հակառակորդները, այդ կերպ ՀՀԿ–ն և օրինագծին աջակցող քաղաքական ուժերը փորձում են ապահովագրվել խորհրդարանի հնարավոր արձակումից և ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումից։ Խնդիրն այն է, որ ըստ ԱԺ կանոնակարգի, եթե պատգամավորները երկու անգամ չքվեարկեն վարչապետի թեկնածուի օգտին, ապա ԱԺ–ն արձակվում է օրենքի ուժով։–0–