Բոլորիս սխալների պատճառով կարող ենք բացարձակ կորցնել իրավիճակի կառավարումը. ՀՀ ոստիկանապետ

25.04.2018, 22:20
«Բոլորիս սխալների պատճառով հասել ենք այն աստիճանին, որ կարող ենք բացարձակ կորցնել իրավիճակի կառավարումը», –  հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Բոլորիս սխալների պատճառով կարող ենք բացարձակ կորցնել իրավիճակի կառավարումը. ՀՀ ոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Բոլորիս սխալների պատճառով հասել ենք այն աստիճանին, որ կարող ենք բացարձակ կորցնել իրավիճակի կառավարումը, հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Նման բան թույլ տալ չի կարելի: Սթափվեք, տղե´րք: Ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք: Հիշեք մեկընդմիշտ, որ ոչինչ չարժե մեր պետականության կորստին: Հիշեք նաև, որ առանց ոստիկանության չկա´ պետություն, որ ոստիկանը պետության ամրության զինվորն է, խաղաղության զինվորը, բարության զինվորը, ոչ թե ռետինե մահակի ու բռնության: Բայց և համոզված եղեք, որ խաղաղությունն ու բարությունը ոչ թե թուլության, այլ իրական ուժի նշան են», – հայտարարել է Գասպարյանը։

Նա նաև դիմել է իր զինակից ոստիկաններին։

«Տղե´րք, ես ասել եմ, որ սիրում ու հարգում եմ ձեզ, որ ձեզ հետ կռվելու և ապրելու կգնամ: Ինչպես միշտ վստահ եմ, որ ծառայելով օրենքին` այսուհետ էլ ծառայելու ենք ժողովրդին», – նշել է Գասպարյանը։

«Ձեզ եմ դիմում և´ որպես ոստիկանության պետ, և´ որպես քաղաքացի:
Չեմ ուզում անդրադառնալ վերջին իրադարձությունների իրավական կողմին. ոստիկանությունը բազմիցս խոսել է այդ մասին` վստահ լինելով նաև հասարակության բարձր իրավագիտակցությանն ու քաղաքացիական ընկալունակությանը: Չեմ ցանկանում նաև գնահատական տալ կողմերին ու նրանց գործողություններին. ոստիկանությունը վերքաղաքական կառույց է և դուրս է քաղաքական զարգացումներից», – հայտարարել է Գասպարյանը։

Այս կապակցությամբ նա նշել է, որ խոսքը ոչ թե այս կամ այն կողմի «ճշտի», այլ Ճշմարտության մասին է, որը բացարձակ արժեք է և անքննելի, ինչպես որ անքննելի է ոստիկանության դերը մեր հասարակության կյանքում:

«Հիշե´ք. ցանկացած հեղափոխություն դառնում է անիմաստ, երբ փորձ է արվում քանդել կառուցածը, իսկ Բանակ ու Ոստիկանություն կառուցելու համար մենք ամեն ինչ ենք տվել: Մեր համատեղ կառուցածը Պետությունն է: Ոստիկանությունը այդ պետության կայունության, անդորրի, խաղաղության երաշխավորն է: Ոստիկանը այդ պետության մարդն է, ոչ թե իշխանության կամ ընդդիմության: Եվ ոստիկանությանն այս կամ այն կողմը քաշելու փորձը մեծացնում է այն ճեղքվածքը, որի մեջ կարող ենք հայտնվել բոլորս: Հիշե´ք. պետությունը կառուցվում է տասնամյակներով ու հազարավոր կյանքերի գնով և կարող է փլուզվել հաշված ժամերի ընթացքում: Դա անթույլատրելի է», – հայտարարել է ՀՀ ոստիկանապետը։

Նրա խոսքով, այսպահային ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար չի կարելի տրոհել ոստիկանի մեջ երկխոսող իրավապահին ու քաղաքացուն: Այդ տրոհումը մահացու վտանգավոր է պետության համար, որի պաշտպանությանն է կոչված ոստիկանությունը:

«Որպես զինվորական կոչ եմ անում` զե´րծ մնացեք նաև բանակը տրոհելու փորձերից: Երկատված բանակը միասնական պետության պահապան լինել չի կարող: Սուտ է, թե նպատակը արդարացնում է միջոցները. պետության պահապանին իր երդմանը, կոչմանը, գործընկերներին դավաճանելու մղելը չի կարող արդարացվել ոչ մի նպատակով: Ինչպես որ ինչ-ինչ գաղափարների ծառայելը չի կարող փոխարինել ժողովրդին ծառայելու սրբազան գործին: Մենք օրենքին ծառայելով ենք ծառայում ժողովրդին: Կոչում եմ բոլորիդ նույնպիսի ծառայության, որպեսզի օրենքն էլ ձեզ ծառայի», – հայտարարել է ՀՀ ոստիկանապետը։–0–