Բանակի ծրագրերի ճակատագիրը կախված է նոր կառավարությունից. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախկին նախարարի ժամանակ սկսված բոլոր ծրագրերը կարող են շարունակվել, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Մայիսի 8–ին Վիգեն Սարգսյանը հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելու մասին, մայիսի 11–ին ՀՀ պաշտպանության նախարար նշանակվեց Դավիթ Տոնոյանը։
«Այս փուլում նախադրյալներ չկան այդ ծրագրերը դադարեցնելու համար, չնայած այսօր դժվար է գնահատել դրանց արդյունավետությունը։ Սակայն եթե կառավարությունը դրանք համարի քիչ արդյունավետ, դրանք կարող են դադարեցվել։ Ամեն ինչ կորոշվի կառավարության ծրագրի հաստատումից հետո», – ասաց նա երեքշաբթի Հայաստանի հանրային ռադիոյի եթերում։
Խոսելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ քաղաքացիների կողմից 1000–ական դրամ փոխանցելու մասին` Հովհաննիսյանը նշեց, որ այդ ծրագիրն արդյունավետ է։
«Ծրագիրն արդարացրել է իրեն նրանով, որ էական և արժանի աջակցություն է ցուցաբերվել հանուն Հայրենիքի զոհված զինծառայողների ընտանիքներին։ Խնդիրը միայն ծրագրի իրագործման մեխանիզմում է. յուրաքանչյուր քաղաքացի հարց է տալիս, թե ինչու է նրա աշխատավարձից պահվում 1000 դրամ», – ասաց նա։
Մամուլի քարտուղարի խոսքով, ցանկացած քաղաքացի կամ կազմակերպություն կարող է բանակին աջակցելով նվերներով կամ միջոցներով, սակայն անընդունելի է բանակին համարել կարիքավոր։
«Մի գործ է աջակցությունը, սակայն ամբողջովին այլ բան է, երբ հասարակությունը կարծում է, որ բանակը տխուր վիճակում է և օգնության կարիք ունի։ Նման բան չկա։ Բանակն ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով», – ասաց նա ու ընդգծեց, որ հասարակություն–բանակ կապը «Ազգ–բանակ» կոնցեպտի կարևոր գաղափարապոսական բաղադրիչն է։
««Ազգ–բանակը» գաղափարախոսական կոնցեպտ է, որն արմատացել է մեր հասարակությունում։ Այստեղ կան հետաքրքիր գաղափարներ և մոտեցումներ հայրենասիրական դաստիարակության տեսակետից։ Սակայն սխալ կլինի կարծել, թե հայրենասիրական դաստիարակությունը սկսվել է հենց այդ կոնցեպտից։ Այն գոյություն է ունեցել նաև ավելի վաղ», – նշեց նա։–0–