Անկարգություններ կազմակերպողները կապ չունեն մեր շարժման հետ. Փաշինյանը` երեկ գիշերը գրանցված միջադեպի մասին

18.04.2018, 10:56
Նախօրեին երեկոյան Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում մի խումբ երիտասարդներ փակել են երթևեկը, կոտրել ճանապարհային ցուցանակներն ու լուսափորները։
Անկարգություններ կազմակերպողները կապ չունեն մեր շարժման հետ. Փաշինյանը` երեկ գիշերը գրանցված միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Ելք» խմբակցության առաջնորդ , «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նա և իր համախոհները կապ չունեն նախօրեին երեկոյան Երևանի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների հետ։

Նախօրեին երեկոյան Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում մի խումբ երիտասարդներ փակել են երթևեկը, կոտրել ճանապարհային ցուցանակներն ու լուսափորները։

«Մենք դեռ նախօրեին մեր հանրահավաքի ժամանակ գիտեինք, որ կլինի նման սցենար և հասկանալով ռիսկերը`նախօրոք հայտարարեցինք երեկվա հանրահավաքն ավարտելու մասին, և դա արդարացված որոշում էր։ Ինչ վերաբերում է միջադեպին, ապա այն որևէ կապ չունի մեզ հետ», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, նման սադրանքները պլանավորված էին երկրի իշխանությունների կողմից, որպեսզի ոստիկանությանը տրվի ֆորմալ առիթ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու համար։

Նա նշեց, որ նախօրեին կոչ է արել իր համախոհներին չներքաշվել նման գործընթացների մեջ` ընդգծելով, որ նրանց ակցիաները կրում են բացառապես խաղաղ բնույթ։

«Բռնություն կիրառողներն ու անկարգություններ կազմակերպողները որևէ կապ չունեն մեր շարժման հետ, նրանք մեր հակառակորդներն են և ցանկանում են վարկաբեկել մեզ, սակայն մեզ արդեն ոչինչ չի կանգնեցնի, և մեր հաղթանակն անխուսափելի է», – ասաց Փաշինյանը։

Ոստիկանությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս միջադեպը։–0–