ԶԼՄ–ները հայտնում են, թե որքանով է նվազելու գազի գինը սպառողների համար

29.03.2016, 12:41
Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ԶԼՄ–ները հայտնում են, թե որքանով է նվազելու գազի գինը սպառողների համար

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, գրում է «Հայկական ժամանակը»։

Ըստ այդմ, ռուսական գազի գինը նվազելու է մոտ 12 տոկոսով:

Ներկայումս Հայաստանին ռուսական գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրը մատակարարվում է 165 դոլարով: Գնի 12 տոկոսով նվազման դեպքում՝ 1000 խմ-ի գինը կդառնա 145-146 դոլար:

«Սա առայժմ նախնական պայմանավորվածություն է և եթե դառնա վերջնական, ապա այդ մասին կհայտարարվի մոտ 10 օրից՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակ», գրում են հոդվածի հեղինակները։

Գնի շուրջ վերջնական պայմանավորվածությունների գալու դեպքում՝ նոր գինը կսկսի գործել «հետին ամսաթվով»՝ ապրիլի 1-ից:

Սպասվում է նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն շտապ նիստ կգումարի և կնվազեցնի նաև ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագինը: Այն կարող է նվազել մինչև 10 դրամով և կազմել 146 դրամ մեկ խմ-ի դիմաց (հիմա 156 դրամ է): Կնվազեցվի նաև խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագինը՝ ներկայիս 272 դոլարից (1000 խմ-ն) հասցվելով 260 դոլարի, գրում է թերթը։–0–