Երևանն ու Բաղդադը կարևորում են օդային ուղիղ կապի ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.Հայաստանն ու Իրաքը կարևորում են օդային ուղիղ կապի ստեղծումը, ինչպես նաև ցամաքային հաղորդակցության ուղիների զարգացումը։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի միջև երեքշաբթի կայացած հանդիպման ընթացքում։
Հանդիպման ընթացքում Երիցյանը նշել է, որ Հայաստանի և Իրաքի ժողովուրդներն ունեն բազմաթիվ պատմական ընդհանրություններ, դարեր շարունակ կողք կողքի են ապրել միևնույն միջավայրում, և ՀՀ իշխանությունները հանձնառու են ամենայն կերպ ամրապնդել բարեկամությունը և նպաստել երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը։ Ընդգծվեց նաև գործարար շփումներն ընդլայնելու անհրաժեշտությունը։
Նախագահ Մասումը, իր հերթին, հատուկ ընդգծել է հայության ներկայությունը Իրաքում և նրանց մասնակցությունն ու ունեցած նպաստը երկրի զարգացման գործում։ Նախագահը նշել է, որ հայության ներկայությունը Իրաքում ունի հարյուրամյակների պատմություն, երկրի բազմաթիվ բնակավայրերում կարելի է գտնել հայկական հետք, իսկ համայնքին հուզող արդի հարցերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում։
Երիցյանը գտնվում է Բաղդադում երեքշաբթի մեկնարկած հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու համար։ Հանդիպումների օրակարգում ընդգրկված են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր։ Հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև հունվարի 27-ին:–0–