Երևանի թիվ 157 մանկապարտեզի տնօրենը կատարել է խախտումներ և հեռացվել. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

26.09.2017, 20:48
Քաղաքապետարանը պարզաբանում է Երևանի թիվ 157 մանկապարտեզի տնօրենին աշխատանքից ազատելու հարցը։
Երևանի թիվ 157 մանկապարտեզի տնօրենը կատարել է խախտումներ և հեռացվել. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը տարածել է հաղորդագրություն` պարզաբանելով Երևանի թիվ 157 մանկապարտեզի տնօրենին աշխատանքից ազատելու հարցը։

Загружается новость ... "Лево"

«Երևանի հ.157 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններն ու անհարկի շահարկումները բացառելու նպատակով տեղեկացնում ենք, որ սույն որոշման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով ստացված ահազանգն առ այն, որ վերոնշյալ մանկապարտեզի տնօրենը չհաշվառված, այսինքն սահմանված կարգով մանկապարտեզ չընդունված երեխայի է թույլատրել հաճախել մանկապարտեզ», – նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Գերատեսչության հաղորդմամբ, սույն ահազանգի հիման վրա իրականացված վերահսկողության արդյունքներով նաև պարզվել է, որ Զարա Ադիյանը «Մանկապարտեզ» էլեկտրոնային հաշվառման համակարգում թույլ է տվել այնպիսի ձևակերպումներ (միջամտություններ), որոնց իրավասությունը չի ունեցել:

«Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ պաշտոնից ազատված տնօրենն իր բացատրագրում ընդունել է, որ կատարել է վերոնշյալ խախտումները: Սույնը հաշվի առնելով` հորդորում ենք զերծ մնալ հարցի անհարկի շահարկումներից», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Հայկական մի շարք ԶԼՄ–ներ այսօր տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Երևանի թիվ 157 մանկապարտեզի մոտ ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով պաշտոնում վերականգնել տնօրեն Զարա Ադիյանին:–0–