ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Վերին Լարսի անցակետը բաց է, սակայն հողի հոսելու վտանգ կա, հինգշաբթի ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ հայտնեց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով է անցնում Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը։ Այս ուղղությունը փակվել է հունիսի 23–ին անցակետից 2 կմ հեռավորության վրա տեղի ունեցած քարաթափից հետո, որտեղ Տերեկ գետի վարարման հետևանքով 500-600 մ հատվածն ամբողջովին փլուզվել է։ Անվտանգության նկատառումներից ելնելով` այդ հատվածը երթևեկության համար փակվել է։
«Նոխօրեին երեկոյան երթևեկությունը վերսկսվել է, և այսօրվանից մեքենաները Վերին Լարսի ճանապարհով կանցնեն ցերեկային ռեժիմով, իսկ 4-5 օր հետո՝ ռեժիմը կլինի 24-ժամյա», - ասել է Բեգլարյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:
Սակայն ինչպես նշել է նախարարը, նախօրեին Վրաստանի կառավարության նախագահի հետ բանակցությունների ընթացքում , վերջինս մտահոգություն է հայտնել անցակետի իրավիճակի վերաբերյալ, քանի որ վտանգը վերջնական վերացված չէ և այս պահին սարերի վրա մոտ 5 մլն տոննա հողի հոսելու վտանգ կա:
Ընդ որում, նա նշել է, որ վրացական կողմը մտածում է, որպեսզի ապագայում կարողանա այդ ճանապարհի վրա վերգետնյա թունել կառուցել, ինչը բավականին մեծ ծախսերի հետ է կապված:
«Համենայն դեպս, այս ճանապարհը մեզ համար միշտ լինելու է վտանգավոր և յուրաքանչյուր անձրևից հետո հնարավոր է ունենանք այս խնդիրները», - նշել է նախարարը և հորդորել գործարարներին իրենց աշխատանքների կազմակերպման ժամանակ նկատի ունենալ նաև լաստանավից օգտվելու հնարավորությունը, քանի որ Լարսը ցանկացած պահի կարող է նորից փակվել:
ՀՀ ԱԻՆ-ը հրապարակել է հատուկ կանոններ, որոնք պետք է պահպանեն բոլոր տեսակի ավտոմեքենաների վարորդները` Վերին Լարսի անցակետով անցնելիս: Հուլիսի 6-ին ժամը 15.00-ից մինչև 20.00 և հուլիսի 7-ին ժամը 05.30-ից մինչև 20.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Անցակետով անցնելիս արգելվում է միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, և ինտենսիվ տեղումների դեպքում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի: -0-