Վանաձորի երաժշտական դպրոցում անցկացվեցին վարպետության դասեր Beeline-ի աջակցությամբ

02.12.2016, 17:57
Beeline-ի և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում Վանաձոր քաղաքի №1 երաժշտական դպրոցի սաների համար ուրբաթ անցկացվել են վարպետության դասեր:
Վանաձորի երաժշտական դպրոցում անցկացվեցին վարպետության դասեր Beeline-ի աջակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Beeline-ի և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում Վանաձոր քաղաքի №1 երաժշտական դպրոցի սաների համար ուրբաթ անցկացվել են վարպետության դասեր, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Վարպետության դասերը վարել են Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, Խաչատուրյանի անվան տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը և Կարեն Քոչարյանը:

Դպրոցը նաև նվեր ստացավ հիմնադրամի միջոցներով ձեռք բերված կլարնետ, իսկ վարպետության դասերից հետո տեղի ունեցավ Տրիոյի համերգը, որը կազմակերպվել էր Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության հետ համատեղ:

Ինչպես նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Beeline-ի բարեգործական ծրագրերում հիմնական ուշադրությունն ուղղված է երիտասարդությանը, և Դասական երաժաշտության զարգացման հիմնադրամի հետ համագործակցությունը դիտարկվում է որպես աճող սերնդի ուղղությամբ ներդրման երկարաժամկետ ծրագիր:

«Մենք միասին աշխատում ենք տաղանդի զարգացման և շնորհալի պատանիների դաստիարակման ուղղությամբ, որոնք կկարողանան արժանի կերպով շարունակել հայ դասական երաժշտության փառավոր ավանդույթները», – ասել է նա:

Խաչատուրյանի անվան Տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը նշել է, որ Հիմնադրամն արդեն ունի պատկառելի պատմություն և որոշակի հաջողություններ:

«Հույս ունենք, որ մեր գործունեության շնորհիվ տաղանդավոր երիտասարդները ամբողջ երկրով մեկ կկարողանան գտնել արվեստում իրենց ուղին և ամրապնդել իրենց շնորհը: Իհարկե, անկասկած, այս ամենը հնարավոր է դառնում բացառապես ի շնորհիվ Beeline-ի աջակցության՝ ընկերության, որը մեզ հետ է արդեն հինգ տարի», - ընդգծել է նա:

Խաչատուրյանի անվան Տրիոն հիմնադրվել է 1999 թվականին: Տրիոյի երաժիշտները հյուրախաղերով հանդես են եկել Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Լատվիայում, Լիտվայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Չինաստանում, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայում: 2006թ.-ից սկսած Տրիոն հանդես է գալիս հետևյալ կազմով՝ Արմինե Գրիգորյան՝ դաշնամուր, Կարեն Շահգալդյան՝ ջութակ, և Կարեն Քոչարյան՝ վիոլոնչել:

«Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը» հիմնադրվել է 2010թ.՝ Խաչատուրյանի անվան Տրիոյի երաժիշտների կողմից: Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղվածությունը դասական երաժշտության ոլորտում կրթական և բարեգործական ծրագրերի իրականացումն է: Beeline ընկերությունը հիմնադրամի հովանավորն է 2011 թվականից:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-